Նավթամթերքի վրացական շուկայում կրկին գնաճ է սպասվում՝ մոտ 10 օրից բենզինի և դիզելային վառելիքի արժեքը կբարձրանա միջինը 5 թեթրիով, – հայտարարել է Նավթամթերք ներմուծողների ասոցիացիայի ղեկավար Վանո Մթվրալաշվիլին։
Նրա խոսքով, այս փուլում նավթամթերքի ներկրումն այնքան էլ ակտիվ չէ, և վառելիքի էժանացման ժամանակ առկա պաշարների շնորհիվ բիզնեսին հաջողվում է զսպել թանկացումները, սակայն մոտ ապագայում դա այլևս հնարավոր չի լինի։
«Իրավիճակը տեղական շուկայում դեռ կայուն է, չնայած այն հանգամանքին, որ ինչպես նավթի, այնպես էլ նավթամթերքի համաշխարհային գներն աճում են։ Ավելին, 2021 թվականին Վրաստանում վառելիքի գները նույնիսկ աննշան նվազել էին՝ հիմնականում նավթի միջազգային գների նվազման ժամանակաշրջանում, ինչպես նաև ազգային արժույթի որոշակի ամրապնդման պատճառով»,- հայտնել է Ասոցիացիայի ղեկավարը։
Ինչ վերաբերում է առաջիկա հեռանկարներին, ապա, ըստ նրա, նավթամթերքի թանկացումն անխուսափելի է։
«Իրավիճակը շատ բարդ է՝ հաշվի առնելով, որ նավթն անընդհատ թանկանում է և ներկայումս գտնվում է առավելագույն մակարդակի վրա՝ սկսած 2014 թվականից։ Մեծածախ շուկայում մեկ տոննա բենզինն արժե 830 դոլար, զգալիորեն թանկացել է նաեւ դիզվառելիքը։ Ընդհանրապես, նախաամանորյա շրջանը սովորաբար պասիվ է նավթամթերքի սպառման առումով, քանի որ մարդիկ տոնական օրերին քիչ են ճանապարհորդում։ Ըստ այդմ, հունվարին ներմուծումը համեմատաբար ցածր է, սակայն այս ժամանակահատվածը շուտով կավարտվի, և նավթամթերքի գնումները կավելանան։ Միջին հաշվով բենզինի մանրածախ գինը մեկ լիտրի դիմաց կթանկանա 5 թեթրով։ Սա կարելի է սպասել առաջիկա 10 օրերի ընթացքում»,- ասել է Վանո Մթվրալաշվիլին։
Ներկայում Վրաստանում ամենաէժան «ռեգուլյար» տիպի բենզինի մեկ լիտրն արժե 3.04 լարի, իսկ ամենաէժան դիզվառելիքը՝ 2.94 լարի։ Պրեմիում կարգի բենզինն արժե՝ 1 լիտրը 3.18 լարի։