Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Թուրքիայի Հանրապետության դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանի հետ։ Տեղեկությունը տարածում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների ռազմավարական գործընկերությունը և երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան։ Հիմնական հարցերից է եղել թուրքական շուկայի բացումը և բարձրորակ GMP ստանդարտ դեղամիջոցների ներդրումը, ինչը զգալիորեն կնվազեցնի դեղերի գները Վրաստանում։ Երկուստեք ընդգծվել է, որ առկա տարածաշրջանային նախագծերը Վրաստանի և Թուրքիայի միջև արդյունավետ ռազմավարական համագործակցության, կայուն զարգացման և վստահելի գործընկերության վառ օրինակ են, որն իր հերթին երկրներին կբերի ավելի տնտեսական անկախություն, անվտանգություն և կայունություն։
Վարչապետը նշել է, որ հարեւան երկրների հետ արդյունավետ տարածաշրջանային համագործակցությունը անվտանգության, կայունության և կայուն զարգացման ճանապարհն է։ Պատրաստակամություն է հայտնել հետագա համագործակցությունը խորացնելու, այդ թվում՝ քաղաքական և տնտեսական ոլորտներում։ Հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի հերթական նիստին։
Անդրադարձ է կատարվել նաև Վրաստանի և Թուրքիայի Հանրապետության միջև ազատ առևտրի համաձայնագրի իրականացմանն ուղղված հետագա քայլերին։ Նշվել, որ համատեղ ջանքերը մեծ նշանակություն ունեն համաշխարհային համաճարակի մարտահրավերների հաղթահարման գործում:
Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել թուրքական կողմին Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ցուցաբերած աջակցության համար։
Կառավարության ղեկավարն ընդգծել է դեսպանի նշանակալի ներդրումը երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։