Նյութը պատրաստել է մեր գործընկերը՝ Jam-news.net-ը:
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձև, որով դատապարտում է Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան` պահանջելով կատարել 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, այդ թվում՝ անհապաղ ազատ արձակել հայ գերիներին։ Այս մասին հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։
«Հայերի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիան և Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ» վերտառությամբ բանաձևն ընդունվել է միաձայն։
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը միջազգային հանրությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան դադարեցնելու ուղղությամբ։
«Միաժամանակ հորդորում է միջազգային կառույցներին՝ հումանիտար աջակցություն ցուցաբերել Արցախի բնակչությանը», — բանաձևի մասին գրել է Հունաստանում և Կիպրոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը՝ նշելով, որ լավ լուր ունի Կիպրոսից։
Ներկայացուցիչների պալատը հաշվի է առել ինչպես ադրբեջանական հարձակումն ու ագրեսիայի հետևանքները, այնպես էլ նոյեմբերի 9-ից հետո ստեղծված իրավիճակը։
«Շարունակվում են Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները և գործողությունները Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության նկատմամբ», — ասված է բանաձևում։
Պալատի պատգամավորներն ընդգծել են, որ Արցախի բնակչությունը շարունակում է տուժել հակամարտության հետևանքներից՝ տեղահանումներ, մարդասիրական օգնության կարիք, մշակութային ժառանգության ոչնչացում, ադրբեջանական ուժերի կողմից Արցախի բնակչության ջրամատակարարման բոլոր աղբյուրների օկուպացիայի պատճառով ջրի խիստ սակավություն։
Բանաձևի ընդունմամբ՝ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը
դատապարտում է Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի (Արցախ) տարածքի վրա, դատապարտում է ինչպես թուրքական ռազմական անձնակազմի, այնպես էլ տեխնիկայի բացահայտ ներգրավվածությունը, պահանջում է Ադրբեջանից՝ կատարել զինադադարի մասին հայտարարութան [նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն] դրույթները (բոլոր գերիների ազատ արձակում, դիակների վերադարձ, անհետ կորածների ճակատագրի պարզում), կոչ է անում ՄԱԿ-ին, Եվրամիությանն ու այլ միջազգային կազմակերպություններին՝ մարդասիրական օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղի (Արցախ) տարածքի բնակչությանը, աջակցել տարածքի վերականգնման գործին, փախստականների վերադարձին ու Արցախի տարածքի հայերի կրոնական և մշակութային ժառանգության պաշտպանությանը, անհանգստություն է հայտնում ականների, կասետային ռումբերի ու չպայթած զինամթերքի առկայության կապակցությամբ, որոնք վտանգում են խաղաղ բնակիչների, հատկապես՝ երեխաների կյանքը, կոչ է անում միջազգային հանրությանը գործել այնպես, որ արդյունքում դադարի Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ: