Օրեր առաջ Ախալքալաքում տարածվեց, որ բացահայտվել են 2016-2020 թվականներին տեղի ունեցած բնակարանային գողությունների փաստերը և, որ մեղադրյալը հետախուզվում է։ Jnews-ը պարզաբանեց, թե կոնկրետ ինչ գործով է մեղադրվում հետախուզման մեջ գտնվող Դավիթ Մանուկյանը։

Սկզբում JNEWS-ը տեղեկությունը ճշտեց ՆԳՆ-ից, որտեղից երկու օր անց պատասխանեցին, որ «նախկինում կատարված գողության» դեպքը բացահայտվել է, իսկ մեղադրյալը հետախուզման մեջ է: Սակայն, գերատեսչությունում չհստակեցրին թե, գողության կոնկրետ որ փաստն է բացահայտվել։ Արդյունքում՝ անհասկանալի մնաց՝ Դավիթ Մանուկյանը մեղադրվում էր Ախալքալաքում տեղի ունեցած որ գողության փաստով։

Ախալքալաք-Նինոծմինդա շրջանային դատախազությունում Jnews-ին հաջողվեց պարզաբանել, որ Դավիթ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել «Գողության փորձ» դրվագի համար, որը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 27-ին։

Հունվարի 27-ի երեկոյան՝ ժամը 22:30-ի սահմաններում, Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզում անհայտ անձինք, բացելով պատուհանը, մտել են պահեստ։

Հարևանները, լույս տեսնելով շենքում, զանգահարել են մանկապարտեզի տնօրինությանը։ Արդյունքում ոստիկանություն են կանչել:

Մանկապարտեզից ոչինչ չէին գողացել, սակայն արձանագրվել էր ապօրինի մուտքով գողության փորձ։ Դավիթ Մանուկյանը այս գործով մեղադրվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 19-177-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» և «բ» կետերով։

Հանցագործությունը, համաձայն Վրաստանի Քրեական օրենսգրքի, պատժվում է 3-ից 5 տարի ազատազրկմամբ կամ տնային կալանքով՝ 1-ից 2 տարի ժամկետով։

Սկզբում Դավիթ Մանուկյանի մեղադրանքի մասին տեղեկությունը տարածվել էր ֆեյսբուքի կեղծ պրոֆիլների և Akhalkalaki news խմբի միջոցով, և ասվում էր, որ նա մեղադրվում է բնակարանային գողությունների մեջ։ Ընդ որում, այս, չճշտված տեղեկությունը վերցրել ու հրապարակել էին որոշ լրատվամիջոցներ։

Ախալքալաքի գողությունների գործը և մեղադրյալի հարազատների մեղադրանքը

Նշենք, որ որոշ գողությունները և կողոպուտները, որոնք հաճախակի էին 2016-ից 2020 թվականներին, չեն բացահայտվել, բայց չեն կրկնվել։

Մեղադրյալ Դավիթ Մանուկյանը երկրից հեռացել է հենց այն պահին, երբ իրեն մեղադրանք էր առաջադրվելու։ Նրան մեղադրանք է առաջադրվել հեռակա կարգով, քանի որ նա այլևս հանրապետությունում չէր։ Նա այժմ հետախուզման մեջ է։ Ինչպես ինքն է պնդում, հեռացել ոչ թե մեղադրանքից փախչելու համար: Նա կարծում է, որ իրավապահները սպասում էին, որ երկրից հեռանա, որ մեղադրանք առաջադրեն։

Գողության գործով մեղադրյալը բացատրում է իր հեռանալու պատճառը

Դավիթ Մանուկյանի ընտանիքի անդամները ասում են, որ իրենք պատրաստվում են բողոք ներկայացնել դատախազություն՝ ընդդեմ ՆԳՆ աշխատակիցների։ Նրանց խոսքերով, պատրաստվում են բողոքարկել այն փաստը, որ Դավիթ Մանուկյանը մեղադրվում է գողության փորձի մեջ, իսկ տեղեկությունը տարածվում է, որ նա մեղավոր է Ախալքալաքում մի շարք բնակարանային և այլ գողությունների մեջ։