Նոյեմբերի 26-ին Facebook սոցիալական ցանցում տեղեկություն էր տարածվել, որ բնակարանային գողությունների գործը բացահայտվել է, իսկ մեղադրյալը հետախուզվում է։ ՆԳՆ-ն այսօր հաստատեց «նախկինում գողության դեպքի» բացահայտման և մեղադրյալ Դ.Մ.-ի հետախուզման փաստը։ Դ. Մ.-ի հարազատներն ասում են, որ ոստիկանները սպառնացել են, որ «գլխին կսարքեն» և կձերբակալեն, ուստի նա հեռացել է երկրից։
Երեկ՝ նոյեմբերի 26-ին «Akhalkalaki news» Ֆեյսբուք օգտատերը գրառում էր կատարել և նաև կիսվել համանուն խմբում՝ հայտնելով, որ «Ախալքալաքի ոստիկանությունը բացահայտել է բնակարանային գողությունների փաստերը», և որ Դ.Մ.-ը հետախուզվում է այս գործով։ Երեկ մեղադրյալի անուն-ազգանունն ու նկարը ամբողջությամբ էին հրապարակված։ Այսօր գրառումն արդեն խմբագրվել է և անուն-ազգանվան փոխարեն սկզբնատառերն են, իսկ լուսանկարում փակված է դեմքի մի մասը։
Ֆեյսբուքի մի քանի այլ օգտատերեր տեղեկություններ են տարածել, որ Դ. Մ.-ն թալանել է մանկապարտեզը և գողացել է երեխաներից։
Երեկվանից Jnews-ը փորձում է ճշտել ՆԳՆ-ից, արդյոք Ախալքալաքի ոստիկանությունը բացահայտել է կատարված գողությունների գործը։ Այսօր մենք ստացանք պատասխան, որը հաստատում է բացահայտումը։
«Նախկինում կատարված գողության փաստով դատարանը որոշում է կայացրել՝ խափանման միջոց ընտրելով կալանավորումը։ Դ. Մ.-ին բերման ենթարկելու նպատակով ոստիկանությունը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
ՆԳՆ-ից հստակ չեն պարզաբանել, թե կոնկրետ որ գողության փաստի մասին է խոսքը՝ ասելով, որ եթե այլ մանրամասներ լինեն, լրացուցիչ կտեղեկացնեն։
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ մեղադրյալի խափանման միջոցը որոշելու համար երեկ տեղի է ունեցել դատական քննություն, որում որոշում է կայացվել մեղադրյալի կալանավորման մասին։
Երեկ՝ նոյեմբերի 26-ին, Jnews-ի հետ կապ է հաստատել Դ. Մ.-ի ընտանիքի անդամը, տեսնելով Akhalkalaki news-ի խմբում գրառումը։ Հարազատների խոսքով՝ Դ. Մ.-ին սպառնացել են ձերբակալել։
«Նրան վախեցրել են, հաղորդագրություն են ուղարկել, որ քեզ բանտ ենք նստեցնելու։ Եթե ուզում են մարդուն բանտ նստեցնել, արդյոք տեղեկացնում են, որ ուզում ենք բռնել քեզ։ Զանգել են, որ ժամը 12:00-ին արի ոստիկանություն հարցաքննության: Նրան տեղեկացնում էին, որ գլխին սարքելու են, որ նստեցնեն»,- Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց Դ.Մ.-ի քույրը.
Դ.Մ.-ն, ըստ ընտանիքի անդամների, նոյեմբերի 25-ին է լքել երկիրը հատելով սահմանը։ Նրանց խոսքով, խուզարկություն իրենց տանը չի եղել: