նորություններ 2 Օգոստոսի, 2026 • Բնակարանում կանաբիսի ջերմոց և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ

Վրաստանի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Աջարիայի ոստիկանության աշխատակիցները տարբեր ժամանակահատվածներում Բաթումիում ձերբակալել են 5 անձի՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման և պահման, դրանց իրացմանը նպաստելու, ինչպես նաև թմրամիջոց պարունակող բույսերի ապօրինի մշակության մեղադրանքով։

Գերատեսչության տեղեկությամբ՝ ձերբակալվածներից մեկը Վրաստանի քաղաքացի է, իսկ չորսը՝ օտարերկրյա քաղաքացիներ։

«Մեղադրյալների անձնական խուզարկության, նրանց ժամանակավոր բնակության վայրերի և ավտոմեքենայի, ինչպես նաև նրանց կողմից նշված վայրերի խուզարկության արդյունքում իրավապահները որպես իրեղեն ապացույց առգրավել են իրացման համար նախապատրաստված առանձնապես խոշոր քանակի տարբեր տեսակի թմրամիջոցներ, այդ թվում՝ 100 գրամ և 127 փաթեթում փաթեթավորված «մեթադոն», ավելի քան մեկ կիլոգրամ «մարիխուանա», մինչև կես կիլոգրամ «տետրահիդրոկաննաբինոլ» (THC) և մինչև 8 կիլոգրամ «կանաբիս» բույս։

Քննչական գործողությունների արդյունքում նաև պարզվել է, որ մեղադրյալներից մեկի կողմից Բաթումում վարձակալած բնակարանում հատուկ ջերմոց էր կազմակերպվել, որտեղ նա ապօրինի աճեցնում և մշակում էր առանձնապես խոշոր քանակի «կանաբիս» թմրամիջոց պարունակող բույս՝ հետագա իրացման նպատակով։

Որպես իրեղեն ապացույց ոստիկանությունը նաև առգրավել է թմրամիջոցների փաթեթավորման համար անհրաժեշտ նյութերը։

Քննությունը իրականացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 260-րդ, 260⁴-րդ և 265¹-րդ հոդվածներով, որոնք նախատեսում են մինչև 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում», — ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝