«Նախկինում կատարված գողության» մեջ մեղադրվող Դավիթ Մանուկյանը կապ է հաստատել Jnews-ի խմբագրություն հետ: Նա պնդում է, որ ինքը երկրից չի փախել, գնացել է բարեկամի հուղարկավորությանը, սակայն չի պատրստվում վերադառնալ։ Նրա խոսքով՝ Ախալքալաքի իրավապահ մարմինները սպասում էին իր հեռանալուն, որպեսզի իր դեմ գործ հարուցեն։
– Ձեր հարազատները ասացին, որ Ձեզ սպառնացել են, որ ձերբակալելու են, Դուք հեռացել եք, որ չձերբակալվե՞ք։
Ինձ միշտ վախեցնում էին, ոստիկանապետը 3 ամիս տեղեկացնում էր, որ կբռնի ինձ։ 24-ին ինձ կանչեցին ոստիկանություն, բայց 25-ին Վրաստանից դուրս եմ եկել, քանի որ հարազատս մահացավ։ Եթե ինձ բանտ էին նստեցնելու, ինձ ինչո՞ւ բաց թողեցին երկրից։
-Ձեզ մաքսակետում ստուգե՞լ են։
Մաքսայինում «կարմիր կարգավիճակ» ունեմ, Երբ որ անցնում եմ մաքսակետը, շատ դժվար է լինում, մաքսակետից զանգում են, որ ճշտեն՝ ներս կամ դուրս թողնեն, թե ոչ։ Իսկ այս անգամ, եթե գործ էր բացված, ինչո՞ւ չզանգեցին պարզաբանելու, անմիջապես բաց թողեցին։ Գումարած, ես ունեի 3 չվճարած տուգանք, բայց ինձ թողեցին:
-Ի՞նչ տուգանքների մասին է խոսքը։
Մեկը դիմակ չկրելու համար, երկրորդը՝ դանակ կրելու, երրորդը՝ կարանտինը խախտելու համար՝ 2000 լարի։
– Բայց ո՞րն է երկրից դուրս թողնելու տրամաբանությունը, չէ որ հետախուզում է հայտարարված։
Կարծում եմ՝ սպասում էին, որ գնամ, որ գործ բացեն ու ասեն, որ ես էի գողությունները արել, դրա համար փախա։ Այդքան գողություն չբացահայտեցին, որոշեցին ասել, որ մենք ենք։
– Բայց Ձեզ հարցաքննե՞լ են։
Արդեն երեք ամիս է, ինչ ինձ հարցաքննում էին։ Վերցրեցին ԴՆԹ անալիզ, մատնահետքերս։ Նրանք հարցնում էին, թե որտեղ եմ եղել 4 տարի առաջ, այսինչ օրը…
– Կոնկրետ ո՞ր գործով եք հարցաքննվել։
Հարցաքննվել եմ տարբեր գործերով, չեմ էլ հիշում, թե կոնկրետ ինչ էր։ 3-4 տարի առաջվա դեպքերով:
– Պատրաստվու՞մ եք վերադառնալ Վրաստան։
Ես տեսնում եմ, թե ինչ են անում, ինչպես կարող եմ վերադառնալ։ Ես բանտից չեմ վախենում, այնտեղ, ամենայն հավանականությամբ, ավելի լավ կապրեմ, քան Ախալքալաքում։ Ինձ ասում են՝ մանկապարտեզից ես գողացել։ Ո՞նց կարող էի մանկապարտեզից գողանալ, էս գործը դիտմամբ բացել են, որ խայտառակեն ինձ։
– Եթե անմեղ եք, ինչպես պնդում եք, ինչո՞ւ չեք պատրաստվում պաշտպանվել, փաստաբաններ վարձել։
Ես չեմ կարող պաշտպանվել, նրանք բոլորը մեկ են։ Ինչպես կարող եմ դա ապացուցել:
Ախալքալաքի գողությունների գործը և մեղադրյալի հարազատների մեղադրանքը