19-ամյա Սարգիս Սահակյանը, ով մահացել է նոյեմբերի 18-ին՝ թափածակված (պերֆորատիվ) խոցի վիրահատական միջամտությունից 7 օր անց, հավանաբար մահացել է թրոմբոէմբոլիայի հետևանքով, ինչպես ենթադրում է Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանը:
«Ճշգրիտ պատճառը կպարզվի հետազոտությամբ, բայց նման հանկարծակի մահը տեղի է ունենում միայն թրոմբոէմբոլիայի դեպքում։ Առավել ևս հավանական է, քանի որ նա վիրահատություն է անցկացրել»,- բացատրում է բժիշկը։
Ըստ նրա՝ եթե սա թրոմբոէմբոլիա է, ապա որտեղ էլ որ երիտասարդը չլիներ, դա պետք է տեղի ունենար՝ տանը լիներ, թե զինվորական բուժկետում, կամ նույնիսկ հիվանդանոցում։ Ոչ մի հիվանդանոց չի կարող ապահովել թրոմբոէմբոլիայի կանխարգելումը։
«Ես չեմ գտնում, որ կարող էր բժշկական սխալ լինել, արյունահոսություն չի եղել, ոչինչ չի եղել։ Եթե վիրահատության այլ հետեւանքներ լինեին, այդքան արագ չպիտի լիներ, պետք է ճնշման անկում լիներ, կամ այլ ախտանշաններ, որոնք կարող էին օգնել հասկանալ»,- ասում է նա։
Սարգիս Սահակյանը վիրահատվել էր նոյեմբերի 11-ին, իսկ նոյեմբերի 16-ին դուրս է գրվել։ Վիրահատությունից հետո նա լավ էր։ 18-ին նա եղել է զինվորական հիվանդանոցում, երբ նա վատացել է։
«Այնտեղ փորձել են նրան օգնել, մերսում են արել, սրսկումներ են արել, որոնք նման դեպքերում անում են, բայց տեսել են, որ չի օգնում, բերել են մեզ մոտ, 10 րոպե հետո մահացել է։ Երբ մեզ մոտ բերեցին, նա արդեն մահացած էր»,- ասում է Ալեքսան Թորոյանը։
Տղային կլինիկայից տեղափոխել են զինվորական շտապօգնության մեքենայով։
Երիտասարդին ուզում էին տեղափոխել Գորիի զինվորական հոսպիտալ՝ խոցի պատճառով ազատելու համար, այսինքն՝ զինվորական ծառայությունից ազատելու համար։ Նա նորակոչիկ էր, զորավարժություն էր անցնում Ախալքալաքի զորամասում։