Ախալքալաքի մունիցիպալիտետի մի քանի, մասնավորապես՝ Դիլիսկա, Ազավրեթ, Կուլիկամ գյուղերի և քաղաքի մանկապարտեզները, գտնվում են կարանտինի մեջ՝ աշխատողների շրջանում կորոնավիրուսի դեպքերի հաստատման պատճառով։
Ըստ Ախալքալաքի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանի՝ նոյեմբերի 10-ին փակվել է Ազավրեթ գյուղի, նոյեմբերի 12-ին՝ Դիլիսկա գյուղի, երեկ՝ նոյեմբերի 16-ին՝ փակվել է Ախալքալաքի թիվ 3, իսկ այսօր՝ Կուլիկամի մանկապարտեզը։
Բացի այդ, ինչպես ասում է Անահիտ Ասատուրյանը, Վաչիանի մանկապարտեզի սաների ծնողների կոլեկտիվ հայտարարության պատճառով որոշվել է վաղվանից փակել գյուղի մանկապարտեզը։
«Մենք որոշեցինք փակել Վաչիան գյուղի մանկապարտեզը, քանի որ այն արդեն 2 շաբաթ է, ինչ բաց է, բայց ոչ մի երեխա չի հաճախում, ծնողները հայտարարություն են գրել, որ չեն ցանկանում իրենց երեխաներին մանկապարտեզ տանել՝ գյուղում կորոնավիրուսի տարածվածության պատճառով, ուստի որոշեցինք փակել այն»,- մեկնաբանում է Անահիտ Ասատուրյանը։