Վրաստանում ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլից հետո մի քանի պատգամավոր հրաժարվել են իրենց պատգամավորական մանդատներից։ Առաջինը «Լելոն Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեն էր։
Մանդատից հրաժարվելու մասին Խազարաձեն հայտարարել էր ընդդիմության հանրահավաքի ժամանակ, որը տեղի էր ունեցել ընտրություններից անմիջապես հետո՝ խորհրդարանի շենքի դիմաց։
«Ես քաղաքականություն եմ եկել երկու տարի առաջ։ Երկու տարի շարունակ անձնական վիրավորանքներն ու հազարավոր պիտակավորումներն իմ հասցեին չեն դադարում, բայց ես առաջ եմ գնում, դա ինձ վրա չի ազդում։ Ես քաղաքականություն եմ մտել ոչ թե այն պատճառով, որ բազկաթոռ էի ուզում կամ ինչ-որ բանից ուզում էի փախչել. Այս շենքում ստացած իմ փորձն ինձ ասում է, որ իմաստ չունի գործ անել այն մարդկանց հետ, ովքեր թիկունքից դանակ են խփում ու ձայն խլում։ Ուստի ես որոշում կայացրեցի՝ սա մանդատ է, և ես լքում եմ խորհրդարանը՝ գնալով շարունակելու ձեզ հետ միասին փողոցում պայքարել հանուն ազատ Վրաստանի, հանուն մեր երեխաների, այդպես է լինելու միշտ։ Պայքարը լինելու է մինչև վերջ»,- ասել է Խազարաձեն։
Բացի Խազարաձեից, Վրաստանի խորհրդարանի պատգամավորի մանդատից հրաժարվել են եւս երկու պատգամավորներ՝ «Ազգային շարժում» խմբակցության անդամներ Նոնա Մամուլաշվիլին եւ Աննա Ծիթլիձեն։
«Մենք նախկինում էլ էինք բոյկոտի ռեժիմում, բայց հիմա տեսնում ենք, որ «Վրացական երազանքը» փորձում է խորհրդարանում անցկացնել այն գիծը, որն անհրաժեշտ է Բիձինա Իվանիշվիլիին։ Ես կարծում եմ, որ Մամուկա Խազարաձեի որոշումը ճիշտ էր, և մենք պետք է հետևենք նրա օրինակին։ Խորհրդարանը լեգիտիմություն չունի, այս խորհրդարանը կրկես է, թատրոն, և այս թատրոնին մասնակցելն անընդունելի է»,- հայտարարել է Նոնա Մամուլաշվիլին:
«Ես չգիտեմ, թե ով ինչ որոշում կկայացնի։ Ես կուսակցության հետ հաղորդակցություն չեմ ունեցել, գիտեք, որ Զուգդիդիում եմ գտնվում։ Թեև երրորդ նախագահի կոչից հետո, և երբ նախագահը բանտում է գտնվում, հացադուլ է անում, և ընտրությունները մեզնից խլեցին, ես իմաստ չեմ տեսնում խորհրդարանում նստել։ Առանց պատգամավորական մանդատի էլ կկարողանամ շարունակել պայքարը… «Վրացական երազանքը» պետք է մնա իր հետ միայնակ։ Մնացածի մասին մենք կխոսենք ակցիաների ընթացքում»,- ասել է Աննա Ծիթլիձեն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Վրաստանում տեղի ունեցավ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլը։ ԿԸՀ տվյալներով՝ «Վրացական երազանքի» թեկնածուները հաղթել են 20 քաղաքներից 19 քաղաքում։ Բացառություն է Ծալենջիխայի մունիցիպալիտետը, որտեղ հաղթել է «Ազգային շարժման» թեկնածուն։