Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում տեղադրվեց խաչքար նվիրված Արցախյան երկրորդ՝ 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։ Խաչքարի օրհնության կարգից հետո, կատարվեց հոգեհանգստյան կարգ։
Արարողությունը ներկա էին Հայ եկեղեցու հոգևոր հայրերը, Վրաստանում Հայաստանի դեսպանության աշխատակիցներ, Ախալքալաքի և Նինոծմինդայի ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներ, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ՝ Սամվել Մանուկյանը և Սումբատ Կյուրեղյանը։
Խաչքարի օրհնության կարգը կատարեց Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ տեր Կիրակոս վրդ. Դավթյանը, հոգևոր դասի մասնակցությամբ։
Խոսքով հանդես եկավ «Ջավախքը հայի կողքին է» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Կարեն Պապիկյանը, հիմնադրամի Նինոծմինդայի մասնաճյուղի տնօրեն Անդանիկ Ղարսլյանը, Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոյանը, ինչպես նաև իրենց ստեղծագործությունները ներկայացրին Ջավախքցի բանաստեղծները՝ նվիրված Արցախյան պատերազմի զոհերին։
Եկեղեցու բակը մարդաշատ էր, գրեթե բոլոր գյուղերից մարդիկ էին եկել։ Խաչքարի բացմանը ներկա էին Ջավախքցի զոհված նահատակների ծնողները, հարազատները, բարեկամները և ընկերները։ Ներկա էր նաև Ջավախքցի, Արցախյան պատերազմի մասնակից, զինծառայող Աշոտ Խանոյանը։
Եկեղեցու բակում ներկայացված էր արմատներով ջավախքցի զոհված զինծառայողների նկարները։
Խաչքարը տեղադրվել է «Ջավախքը հայի կողքին» հիմնադրամի նախաձեռնությամբ։
Խաչքարի օրհնման կարգից հետո, եկեղեցու բակում մատաղ մատուցվեց։
Հավելենք, որ այսօր Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցում նույնպես տեղի է ունեցել հոգեհանգստյան կարգ, որից հետո մարդիկ երթով գնացել են Նինոծմինդացի զոհված զինծառայող՝ Սարգիս Աղջոյանի գերեզմանին։