Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնն (NCDC) այսօր Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղում անցկացրեց «COVID-19-ի դեմ պատվաստման մարաթոն»-ը, սակայն պատվաստվելու ոչ ոք չեկավ։
NCDC-ն հոկտեմբերի 18-ից COVID-19-ի դեմ երկրի հեռավոր շրջաններում սկսեց պատվաստման մարաթոն։ Այս ծրագրի շրջանակներում այսօր կենտրոնի համաճարակաբաններն ու Ախալքալաքի Հանրային առողջության կենտրոնի (ՀԱԿ) աշխատակիցները Դիլիսկա գյուղում էին, սակայն պատվաստվել ցանկացողներ չկային։
Ծրագրի համաձայն, բժիշկների հատուկ շարժական խմբերը շրջում են գյուղերով, քարոզում պատվաստումը և բոլոր ցանկացողներին տեղում պատվաստում են, այսինքն՝ գյուղի բուժկետերում։ Մարաթոնի շրջանակներում նախատեսվում է ընդհանուր առմամբ ընդգրկել 49 գյուղ։
Երկրում պատվաստումները խթանելու նպատակով, պետությունը մարաթոնը կատարում է փորձնական։ Նույն նպատակով Վրաստանը նույնիսկ վիճակախաղ է անցկացնում պատվաստվածների միջև, սակայն դա նույնպես չի օգնում, օրական պատվաստվում է ընդամենը մոտ 1000 մարդ։
Ախալքալաքի մունիցիպալիտետում մարաթոնի համար ընտրվել է Դիլիսկա գյուղը։ Երկու օր շարունակ Դիլիսկա գյուղի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի աշխատակիցները շրջում էին խանութներով, դեղատներով, գյուղի փողոցներով ու քարոզչություն էին անում, որպեսզի տեղացիները պատվաստվեն:
«Մենք հայտարարություններ ենք փակցրել գյուղում, ես չեմ կարող ասել, որ Դիլիսկայի ողջ բնակչությունը մեր մասին գիտեն, որ մենք թեստավորում ենք, պատվաստում ենք, բայց ակտիվություն չկա, ընդամենը երկու հոգի ուսուցիչներ եկան հակագենի թեստ հանձնելու, ու վերջ, ես չգիտեմ, թե ինչ և ինչպես կարելի է բացատրել նրանց, համոզվեն, որ պետք է պատվաստվեն և թեստավորվեն»,- ասում է Ազգային կենտրոնի համաճարակաբան Լևան Բայդոշվիլին։
Գյուղ կատարած մեր այցելության ժամանակ, այն բուժկետում, որտեղ կանգ էր առել Ազգային կենտրոնի շարժական խումբը, ոչ ոք չեկավ պատվաստվելու։ Գյուղի տեղամասային բժիշկ և Ախալքալաքի շտապօգնության մենեջեր Երեմ Եզոյանն ասում է, որ բոլոր բնակիչները դաշտերում են։
«Կարտոֆիլը հավաքում են, քանի դեռ եղանակը թույլ է տալիս, վախենում են մինչ եղանակի վատթարացումը չհասցնեն: Պատվաստվելու ժամանակ չունեն: Բացի այդ, վախենում են, պատվաստումների դեմ քարոզչությունը շատ-շատ է»,- ասում է Երեմ Եզոյանը։
Թբիլիսիից ժամանած շարժական խմբին օգնելու համար Դիլիսկա գյուղում ներկա էին նաև Ախալքալաքի Հանրային առողջության կենտրոնի աշխատակիցները։
«Սա կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստման ծրագիր է, պետական ծրագիր, որն իրականացվում է նախարարների կաբինետի որոշմամբ, Առողջապահության նախարության ղեկավարի հրամանով։ Փորձնական ընտրվել են 3000 և ավելի բնակչություն ունեցող գյուղերը։ Սակայն ոչ ոք չեկավ, պատճառները շատ են՝ բերքահավաքի ժամանակ է, երկրորդը՝ տեղեկատվություն չկա, կամ մենք ենք ոչ ճիշտ բառերով բացատրել: Երբ հարցնում ենք, թե ինչու չեք ուզում, նրանք չեն կարող փաստարկել նույնիսկ իրենց հրաժարվելը, չեմ ուզում և վերջ»,- ասում է Ազգային կենտրոնի համաճարակաբան Լևան Բայդոշվիլին։
Ազգային վերահսկողության կենտրոնի խումբն այսօր և վաղը կմնան Դիլիսկա գյուղում, ցանկացողներին կպատվաստեն, իսկ հետո տեղի բժիշկները կշարունակեն պատվաստումը։ Սակայն ամբողջ օրվա ընթացքում այդպես էլ Դիլիսկա գյուղում ոչ ոք չեկավ պատվաստվելու։
Պատվաստման համար Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի համաճարակաբանները բերել են երեք պատվաստանյութ՝ «Sinopharm», «Sinovac» և «Pfizer»։