Հունիսի 21-ին Ախալքալաքի գեղարվեստի դպրոցում մեկնարկեց հոբելյանական ցուցահանդես, որտեղ ներկայացված էին դպրոցի սաների 1990-ական թվականներից մեր օրերի աշխատանքներ։
Բացի ներկայացված գունավոր նկարներից «գունավոր» էին նաև այցելուների տրամադրությունը, հատկապես ծնողների՝ ովքեր ոգևորված հետևում ու գնահատում էին ոչ միայն իրենց երեխայի աշխատանքը, այլ նաև համեմատում այն ուրիշ աշխատանքի հետ և գտնում առավելություններ ու թերություններ։
«Ցուցադրությունը նվիրված է Գեղարվեստի դպրոցի 25 ամյակին, այն կտևի մեկ ամիս։ Դրսի և ներսի սենյակներում ցուցադրված է փոքրերի աշխատանքները, իսկ ընդհանուր սենյակում՝ մեծահասակների։ Ցուցադրված են մեր ներկայիս և նախկին սաների աշխատանքները, նրանց, ովքեր այսօր բավականին մեծ հաջողությունների են հասել այս բնագավառում»,- ասաց Ախալքալաքի գեղարվեստի դպրոցի տնօրեն Կառլեն Կարապետյանը։
6 տարեկան երեխան, ով ցուցահանդեսին ներկայացրել էր 4 տարբեր բովանդակության նկար, իր աշխատանքների մասին խոսելուց գրեթե հուզված պնդում էր, որ ինքն է նկարել այդ նկարները, իսկ մեր այն հարցին, թե «ինչո՞ւ ես նկարել փակ անձրևանոց», նա մտածեց, սակայն ոչինչ չպատասխանեց։ Այնուամենայնիվ փակ անձրևանոցի կողքին ցուցադրված էր նաև արևային տրամադրություն առաջացնող նկար, ինչից կարելի է ենթադրել որ երեխան չի ցանկանում անձրև և անձրևանոցը արդեն փակել է։
Երբ արդեն բոլոր նկարները ստացել էին ներկաների բանավոր և լուռ գնահատականը, և երբ բոլոր հյուրերը գնացել էին, ցուցադրված նկարները մնացին անփոփոխ՝ սպասելով նոր այցելուների։
Ջուլիետա Տոնականյան