Վրաստանի իշխանությունները խոսում են Բաթումիում բնակելի շենքի փլուզումից հետո շինարարության և վերահսկողության ոլորտում օրենսդրության խստացման անհրաժեշտության մասին:

Յոթ հարկանի շենքը, որը բազմիցս վերակառուցվել էր 70-ականների վերջից, հոկտեմբերի 8-ին փլուզվել է հենց Բաթումիի կենտրոնում: Ողբերգության զոհ է դարձել 9 մարդ, զոհերից մեկը դեռ շարունակում է մնալ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

«Մենք համապատասխան փոփոխություններ կկատարենք օրենսդրության մեջ… Աշխատանքներ են սկսվել համապատասխան ծառայությունների լիազորությունների ընդլայնման ուղղությամբ: Նույնն է նաև մունիցիպալ տեսչությունների դեպքում՝ նրանց տեղեկատվության ավելի մեծ հասանելիություն ապահովելու և քաղաքացիներին ավելի շատ պատասխանատվություն կրելու համար», – այսօր կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան:

Նա այլ մանրամասների մասին չի խոսել: Միևնույն ժամանակ, նախարարը նշել է, որ այժմ պատկան մարմինները «զրկված են տեղեկատվություն ստանալու հնարավորությունից», օրինակ՝ սեփական նկուղում մասնավոր անձի կողմից կատարվող աշխատանքների մասին, եթե քաղաքացին ինքը նախապես այդ մասին չի տեղեկացրել համապատասխան կառույցներին:

Ըստ Թուրնավայի, Բաթումում տեղի ունեցած ողբերգությունը «դաս է բոլորի համար», և նման դեպքերը կանխելու համար քաղաքացիները պետք է ավելի շատ մտածեն իրենց ընտանիքների և հարևանների անվտանգության մասին:

«Բոլորից պահանջվում է ավելի մեծ պատասխանատվություն և զգուշություն», – ընդգծել է նա:

Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան առաջարկել է նաև պատգամավորներին սկսել մտածել օրենսդրական փոփոխությունների մասին` «Վերահսկողության և արձագանքման արդյունավետությունը բարձրացնելու համար»:

«Որպեսզի մենք մեր կողմից ուշադիր արձագանքենք բոլոր վթարային շենքերին, եթե խորհրդարանի համապատասխան հանձնաժողովը դա անհրաժեշտ համարի, ապա մենք պետք է սկսենք աշխատել օրենսդրական փոփոխությունների վրա` օրենքն ավելի խստացնելու և, ամենակարևորը, վերահսկողության իրականացումը պատշաճ կերպով և օրենքով սահմանված կարգով ապահովելու համար: Ես կոչ եմ անում պատգամավորներին միանալ նախաձեռնությանը», – հայտարարել է Կուճավան:

Հետաքննության տվյալներով՝ Բաթումում տան փլուզման պատճառը առաջին հարկում գտնվող բնակարանի վերանորոգման և շինարարական աշխատանքներն են, որոնք անց են կացվել «տեխնիկական և անվտանգության կանոնների խախտմամբ, առանց համապատասխան ինժեներական գիտելիքների և պետական գերատեսչությունների թույլտվության»: Պարզվել է, որ բոլոր պատերն ապամոնտաժվել են, այդ թվում՝ հիմնապատերը, որոնք «խախտել են բնակելի շենքի հուսալիությունն ու կայունությունը»:

Ձերբակալվել է բնակարանի սեփականատերը, ինչպես նաև երկու աշխատողներ, որոնք վերանորոգումն իրականացրել են սեփականատիրոջ հրահանգով: