«COVID-19»-ի դեմ պատվաստումը Վրաստանում կսկսվի երկուշաբթի օրվանից: Առաջին կպատվաստվի 73-ամյա բժիշկ-մանրէաբան Թամար Գիորգաձեին:

Գիորգաձեն Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի աշխատակից է: Ինչպես պատմում է, 45 տարի աշխատում է հատկապես վտանգավոր վարակների լաբորատորիայում: Այժմ նա զբաղեցնում է գլխավոր մասնագետի պաշտոնը:

«Ես առաջինն եմ գրանցվել, քանի որ անմիջականորեն զբաղվում եմ այս վարակով», – ասել է Գիորգաձեն:

Նա կոչ է արել իր բոլոր գործընկերներին պատվաստվել՝ օրինակ ծառայելով Վրաստանի մնացած քաղաքացիների համար:

«Ես գիտեմ, որ այս պատվաստանյութն անվնաս է և անհրաժեշտ: Այսպիսով, մենք կպաշտպանենք ոչ միայն մեզ, այլև մեր շրջապատին», – հավելել է նա:

Մարտի 13-ին Վրաստան է բերվել «Covid-19»-ի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը` «AstraZeneca-SKBio»-ի 43,2 հազար դեղաչափ, որը պատրաստվել է շվեդ-բրիտանական «AstraZeneca» ընկերությունը՝ Օքսֆորդի համալսարանի հետ համագործակցությամբ,որը արտադրվել է Հարավային Կորեայում գտնվող դեղագործարանում:

Համաձայն ազգային ծրագրի, առաջին հերթին Վրաստանում պատվաստվելու են բուժաշխատողները, ովքեր վերջին 120 օրվա ընթացքում կորոնավիրուսով չեն հիվանդացել: Ըստ նախնական տվյալների, երկրում այդպիսիք 54 հազարն են:

Պատվաստման համար նրանց գրանցումը սկսվել է հատուկ էլեկտրոնային պորտալում: Օգտագործելով այս հարթակը՝ առողջապահության ոլորտի մասնագետները կկարողանան նշանակել հանդիպում և ընտրել կլինիկան, որտեղ նրանք կպատվաստվեն:

«AstraZeneca» պատվաստանյութի ( 86,4 հազար դեղաչափ) հաջորդ մատակարարումը Վրաստան, տեղի կունենա ապրիլին: Առաջիկա շաբաթներին երկիրը սպասում է նաև «Pfizer-BioNTech» ամերիկա-գերմանական կոնսորցիումի պատվաստանյութը: