Ախալքալաքի Թումանյան փողոցի բնակիչները, ովքեր վնաս են կրել սեպտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը հոսանքազրկման պատճառով, դժգոհ են էներգամատակարարող «Energo Pro Georgia» ընկերության փոխհատուցումից: Ընկերության կողմից ուղարկած արհեստավորները վերանորոգել են սարքերի միայն մի մասը՝ միաժամանակ պահանջելով վճարել վերանորոգման համար:
Սեպտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը քաղաքի կենտրոնական հատվածի բազմաթիվ բնակիչներ, որոնց էլեկտրատեխնիկան ու սարքավորումները միացված էին էլեկտրական վարդակին, վնասվել էին, այս ամբողջ տեխնիկան շարքից դուրս էր եկել: Որոշ բնակիչներ ինքնուրույն, իրենց գրպանից, վերանորոգել են վնասված տեխնիկան:
«Նրանք շատ երկար ժամանակ չկային, իմ գեղեցկության սրահում Baxi-ն վնասվել է, վարսահարդարները չէին կարող աշխատել առանց տաք ջրի: Ստիպված էի վերանորոգել իմ գրպանից»,- մեկնաբանում է Թումանյան փողոցի բնակիչը:
«Մեր տանը միայն լվացքի մեքենան են վերանորոգել, և նրանք մեզ ասացին, որ վճարենք 170 լարի: Իբր, պետությունը դա կփոխհատուցի ավելի ուշ: Էլի շատ այլ տեխնիկա է մեր տանը փչացել, բայց ոչ ոք դրանք չի վերանորոգել», – ասում է մեկ այլ բնակիչ, որը նույնպես տուժել է հոսանքազրկման հետևանքով:
Ինչպես մեկնաբանեց «Energo Pro Georgia» էներգաբաշխիչ ընկերության Ախալքալաքի մասնաճյուղի ներկայացուցիչ Վասո Անանիաշվիլին, արհեստավորները դեռ չեն ավարտել տներով շրջայցը:
«Նրանք փորձում են լուծել լվացքի մեքենաների և Baxi-ների հետ կապված խնդիրները, իսկ հետո կանցնեն մյուս տեխնիկային», – ասաց նա:
Նրա խոսքով՝ անկախ այն բանից, թե վարպետն է ընկերությունից եկել բնակչի մոտ, թե՞ բնակիչն ինքն է տեխնիկան տարել վերանորոգման, բնակիչը պետք է վճարի վերանորոգման համար, վարպետից վերցնի տեղեկանք, թե որքան արժի վերանորոգումը, այնուհետև ներկայացնի այդ տեղեկանքն ընկերության ներկայացուցչին՝ Լալի Ցինցքալաձեին:
Նշենք, որ Ախալքալաքում «Energo Pro Georgia» էներգաբաշխիչ ընկերության ներկայացուցիչ Լալի Ցինցքալաձեն հրաժարվեց խոսել JNEWS-ի հետ՝ ասելով, որ չի ցանկանում մեկնաբանություններ տալ:
Հիշեցնենք, որ Ախալքալաքում՝ Թումանյան փողոցում, սեպտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը հոսանքազրկումներ էին տեղի ունեցել, ինչի արդյունքում փողոցի բնակիչների մեծ մասի կենցաղային տեխնիկան և այլ էլեկտրոնիկան շարքից դուրս էր եկել: «Energo Pro Georgia»-ից տուժածներին խնդրել էին ուղարկել իրենց տվյալները նրանց ներկայացուցչին, որպեսզի ընկերությունը կարողանա գնահատել վնասը:
Ամալյա Բաբայան