Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքում հրապարակել է գրառում, որը կարող է վկայել նրա Վրաստան ժամանման մասին:
«Բարի լույս, Վրաստան: Արդեն Վրաստանից, ութ տարի անց», – րոպեներ առաջ սոցիալական ցանցում գրել է Սաակաշվիլին:
Թե ինչ է նշանակում այս գրառումը, անհասկանալի է: Ներկայումս հայտնի չէ, թե կոնկրետ որտեղ է գտնվում քաղաքական գործիչը և արդյոք նրան հաջողվել է վերադառնալ հայրենիք: Սոցիալական ցանցի հազարավոր օգտատերեր հաղորդագրության տակ թողել են մեկնաբանություններ, բոլորը տարակուսանքի մեջ են:
Սաակաշվիլին երկուշաբթի օրը հայտարարել էր, որ հոկտեմբերի 2-ի երեկոյան ինքնաթիռի տոմս է գնել դեպի Թբիլիսի: Նա իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է էլեկտրոնային տոմսի սքրինշոթը, որից հետևում է, որ հոկտեմբերի 2-ին Միխեիլ Սաակաշվիլին և նրա մայրը՝ Գյուլի Ալասանիան, Կիևի Բորիսպոլի օդանավակայանից թռչելու են ժամը 19:20-ին և ժամանելու են Թբիլիսիի միջազգային օդանավակայան ժամը 23:45-ին:
Այս շաբաթ օրը Վրաստանում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Ինչպես նշել է Սաակաշվիլին, նա մտադիր է ժամանել ընտրատեղամասերի փակումից հետո` քաղաքացիների «կամքի արտահայտումը պաշտպանելու» և «երկրի փրկության մեջ մասնակցելու» նպատակով:
Սաակաշվիլին Վրաստանում իշխանավարել է 2008-2013 թվականներին: 2013-ին հերթական ընտրություններում պարտվելուց հետո նա լքել էր երկիրը: Դրանից հետո քաղաքական գործչի դեմ հարուցվել էին մի շարք քրեական գործեր, որոնցից մի քանիսում նա առանց իր ներկայության դատապարտվել է ազատազրկման: 2015-ին նա կորցրել է Վրաստանի քաղաքացիությունը և գրեթե վեց տարի Ուկրաինայի քաղաքացի է:
Նախկին նախագահը ներքին հետախուզման մեջ է: Նա ութ տարի է, ինչ Վրաստան չի վերադարձել, չնայած բազմիցս խոստացել է, որ վերադառնալու է:
Մեկ անգամ եւս հայտարարելով Վրաստան իր ժամանման մասին՝ Սաակաշվիլին հայտնել է, որ չի վախենում ձերբակալությունից: Մինչդեռ երկրի կառավարությունը խոստացել է, որ նախկին նախագահը կձերբակալվի հենց այն րոպեին, երբ նա «ոտք կդնի վրացական հողի վրա»: Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդգծել է, որ «բոլոր նրանք, ովքեր կխոչընդոտեն այս գործընթացին, նույնպես խստագույնս կպատժվեն օրենքի շրջանակներում»: