Այսօր նախընտրական քարոզարշավի մեկնարկի չորրորդ օրն է։ Ախալքալաքի պատերին և գովազդային վահանակներին հայտնվել են որոշ թեկնածուների դեմքեր, ովքեր մասնակցում են առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Սակայն Ախալքալաքում որոշ գովազդային պաստառներ արդեն հասցրել են պատռել:

Մեկ օր էլ չի անցել, ինչ «Եվրոպական Վրաստան» կուսակցության թեկնածու Արսեն Կարապետյանի նախընտրական պաստառները պոկվել են քաղաքապետարանի և «Վրացական երազանքի» շտաբի դիմացի պատից, որն ընտրությունների ժամանակ ծառայում է որպես պաստառների ստենդ: Ինքը՝ Արսեն Կարապետյանը, չի կարծում, որ դրանք խորհրդարանական ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության ծրագրված գործողություններն են, բայց նա հորդորում է չկատարել անխոհեմ քայլեր:

«Իսկ, թե ում եմ կասկածում, պարզ է, որ հակառակորդներիս: Թե կոնկրետ ով, չեմ կարող ասել, քանի որ ընդհանուր առմամբ, որպես մարդ, որպես անձնավորություն, ես թշնամիներ չունեմ: Կարծում եմ, որ սա ինչ-որ անմակարդակ մեկն է արել, իմ հակառակորդների համախոհ ​​ընկերներից: Չեմ կարծում, որ դա դիտավորյալ գործողություն է, նրանք պարզապես ուզում էին ինչ-որ բան ապացուցել: Ես չեմ ուզում ժամանակս կամ նյարդերս սրա վրա վատնել: Նրանք կպատռեն պաստառները, մենք կսոսնձենք նորերը` դա խնդիր չէ», – ասում է Արսեն Կարապետյանը:

Արսեն Կարապետյանն իր քաղաքական հակառակորդներին ազնիվ ու կառուցողական պայքարի կոչ է անում:

«Պահպանել ընտրապայքարի մշակույթը: Չեմ կարծում, որ դա արվել է դիտավորյալ և չեմ կարծում, որ իմ մրցակիցը կարող էր իջնել այդ մակարդակի: Խոստանում եմ, որ ես հսկողության տակ կառնեմ իմ ակտիվիսներին, որպեսզի նրանք չխախտեն, և ես նույնն եմ խնդրում և պահանջում մյուսներից՝ իրենց անմակարդակ համակիրներին վերահսկելու համար», – ասում է նա:

Նախընտրական շրջանը նոր է սկսվել, բայց արդեն պայքար է գնում պաստառների, գովազդային վահանակների ու «քաղաքական արևի տակ» տեղ ունենալու համար:

plakati