Վրաստանում ուսուցիչների, ինչպես նաև պետական և մասնավոր դպրոցների վարչական անձնակազմի 65%-ը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտնում է Վրաստանի կրթության նախարարության մամուլի ծառայությունը:
Ինչպես նշում են գերատեսչությունում, վերջին ամիսներին, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) վրացական գրասենյակի հետ համատեղ, ուսուցիչների շրջանում իրականացվել է տեղեկատվական արշավ պատվաստումների հետ կապված հարցերի վերաբերյալ:
«Արդյունքում, վերջին երկու ամսվա ընթացքում պատվաստված ուսուցիչների թիվը 9%-ից հասել է 65%-ի, և նրանց թիվն օրեցօր աճում է», – հայտնում են նախարարությունից:
Վրաստանի բոլոր պատվաստակենտրոններում պատվաստմանը խթանելու նպատակով կրթության ոլորտի ներկայացուցիչների համար բացվել են լրացուցիչ պատվաստասենյակներ: Այնտեղ մանկավարժները կարող են պատվաստել առանց նախնական գրանցման՝ երկրում առկա ցանկացած պատվաստանյութով:
2020 թվականի աշնանը՝ ուսումնական տարվա սկզբին, Վրաստանում գրանցված էր 2 309 դպրոց, այդ թվում՝ 2086 պետական և 223 մասնավոր: Դրանցում աշխատում էր 62 699 ուսուցիչ:
Համաճարակաբանական իրավիճակի վատթարացման պատճառով Վրաստանի դպրոցներում 2021-2022 ուսումնական տարին սկսվեց հեռավար ձևաչափով: Սպասվում է, որ հաստատությունները հոկտեմբերի 4-ին կվերադառնան առկա կարգով դասերի:
Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը սկսվել էր մարտի 15-ին: Արշավը լայն տարածում էր գտել հուլիսի 5-ից: Սեպտեմբերի 24-ի դրությամբ՝ երկրում կատարվել է 1 715 073 կորոնավիրուսի դեմ պատվաստում: Ամբողջովին պատվաստված է 751 410 մարդ, ինչը կազմում է երկրի չափահաս բնակչության 26,3%-ը: