Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտը (IDFI) հայտարարություն է տարածել գաղտնի նյութերի տարածման կապակցությամբ, որում նշվում է, որ այդ նյութերի ուսումնասիրության արդյունքում կարելի է ենթադրել, որ տվյալ գրառումները, ամենայն հավանականությամբ, կեղծված չեն և մշակված են ՊԱԾ-ի կողմից: IDFI-ը նաև ենթադրում է, որ համացանցում շրջանառվող գաղտնի նյութերը պարունակում են 2014-2021 թվականների գրառումներ:
Կազմակերպությունը նշում է նաեւ, որ սեպտեմբերի 14-ին Վրաստանի դատախազությունը հայտարարել է հետաքննության մեկնարկի մասին: Շուտով Պետական անվտանգության ծառայությունը հայտնել էր հետաքննության հետ համագործակցելու իր լիարժեք պատրաստակամությունը: Միևնույն ժամանակ, հրապարակված փաստաթղթերը դեռևս տեղադրված են կայքում:
«Եթե այդ փաստաթղթերը ճշմարտացի են, անհրաժեշտ է անհապաղ սահմանափակել հանրության հասանելիությունը դեպի այդ նյութերը՝ մարդկանց գաղտնիությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար», – ասվում է հայտարարության մեջ:
Կազմակերպությունը կոչ է անում խորհրդարանին ստեղծել հետաքննիչ հանձնաժողով, որը պետք է հետաքննի Պետական անվտանգության ծառայության ենթադրյալ համակարգային գաղտնի վերահսկողության օրինականությունը և բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավվածությունը:
«Վրաստանի խորհրդարանը պետք է հասկանա իրավիճակի լրջությունը: Միայն Վրաստանի դատախազության ջանքերը չեն առաջացնի հասարակության պատշաճ վստահությունը: Խորհրդարանը պետք է օգտագործի Սահմանադրությամբ և օրենքով իրեն ընձեռված լիազորությունները և միջամտի նյութերի բաշխման հանգամանքների հետաքննությանը, հատկապես այն փաստի ֆոնին, որ, ենթադրաբար, արտահայտվում են համակարգված անօրինական հսկողության նշաններ»,- ասվում է IDFI-ի հայտարարության մեջ: