Միջին տարիքի տղամարդ, կրթված, մարդկային և բնակչության խնդիրների մասին մտածող՝ ահա, թե ինչպես են մարդիկ պատկերացնում Ախալքալաքի իդեալական քաղաքապետին: JNEWS-ը հարցում է անցկացրել քաղաքի բնակիչների շրջանում՝ պարզելու, թե ինչպիսին պետք է լինի այս պաշտոնը զբաղեցնող անձը:

Վրաստանում հոկտեմբերի 2-ին կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ: Ինչպես Վրաստանի այլ շրջաններում, Ախալքալաքում նույնպես կընտրեն քաղաքապետին և Սակրեբուլոյի պատգամավորներին:

Մեծահասակների կարծիքը

Մեր կողմից հարցված Ախալքալաքի տարեց բնակիչներից շատերը նշեցին, որ քաղաքապետը պետք է առաջին հերթին լինի մարդկային: Տարիքը, շատերի կարծիքով, կարևոր չէ, բայց կային մեծահասակ մարդիկ, ովքեր կնախընտրեին տեսնել երիտասարդ քաղաքապետի:

«Առաջին հերթին նա պետք է լինի իսկական մարդ: Սա ամենաբարդ մասնագիտությունն է: Եթե նա մարդ լինի, ուրեմն նա իր գործունեությունը կկատարի մարդկային ձևով՝ մարդկանց համար»:

«Նա պետք է ունենա մարդկային մոտեցում»:

«Որքան երիտասարդ լինի, այնքան լավ: Նրանք ծերերին են քաղաքապետ նշանակում, ինչների՞ս է դա պետք»:

«Կարևոր չէ, թե ինչ տեսք ունի, մենք ուզում ենք, որ լավ հետևի քաղաքին», – մեկը մյուսի հետևից արտահայտվում են «Խաս Բախչա» զբոսայգում նստած տղամարդիկ:

«Պետք է լինի մարդկային, կրթված: Ամենից շատ ուշադրություն դարձնի մարդկանց խնդիրներին», – նշում է տարեց կինը:

Երիտասարդներ

Ախալաքալաքի երիտասարդ բնակիչները ուշադրություն են հրավիրում այն փաստին, որ քաղաքում մշակութային ժամանցի համար տեղեր չկան, սակայն, ինչպես մյուս հարցվածները, նրանք նույնպես անտարբեր չլինելը նշեցին որպես քաղաքապետի անհրաժեշտ որակ:

«Եթե դառնում են քաղաքապետ, ապա չպետք է նստեն այնտեղ միայն պաշտոնի համար: Պետք է քաղաքում նոր վայրեր կառուցեն, որպեսզի մարդիկ ժամանակ անցկացնելու տեղ ունենան: Մենք ունենք միայն այգի և եկեղեցի: Նա անպայման պետք է բարձրագույն կրթություն ունենա»:

«Խոստումներ չպիտի տա: Եթե մարդը շատ խոստումներ է տալիս, ապա նշանակում է, որ այնքան էլ վստահելի չէ: Գլխավորը գործով ցույց տալն է: Գոռոզ չպիտի լինի, պետք է մտնի ցանկացած մարդու դրության մեջ: Ջավախքի բնակիչն ավելի լավ գիտի շրջանի խնդիրները և ավելի լավ է պատկերացնում, թե ինչպես դրանք լուծել: Նա պետք է հետևի, որ օգնությունը հասնի իր շահառուներին, պետք է զարգացնի առողջապահությունը»:

«Պետք է լինի լավ կառավարիչ, որպեսզի կարողանաս կառավարել մարդկանց այնպես, որ յուրաքանչյուրն իր գործով զբաղվի, այլ ոչ թե մեկ հոգին՝ հարյուր գործ: Ամենակարևորը շփվելն է ինչպես մեծահասակների, այնպես էլ երիտասարդների հետ, լսող լինելը՝ ուրիշների կարծիքը լսելու ունակությունը: Իհարկե, նա պետք է լինի բարի, բայց միեւնույն ժամանակ խիստ, որպեսզի նրան և՛ սիրեն, և՛ հարգեն:

Աշխատանքի առումով նա պետք է ընդունի բոլորին, լսի, թե մարդիկ ինչ խնդիրներ ունեն, և լուծի դրանք, այլ ոչ թե թողնի դրանք հետոյի համար»:

«Իդեալական քաղաքապետը նա է, ով ամեն ինչ անում է քաղաքի և իր ժողովրդի համար: Օրինակ, կան շատ մարդիկ, ովքեր ասում են, որ դիմել են ինչ-որ հարցով, բայց քաղաքապետարանն անտարբեր է գտնվել: Տարիքը պետք է լինի այնպիսին, որ նա փորձ ունենա»:

«Ամենակարևորը, որ մտնի բոլորի դրության մեջ, և դրանք դատարկ խոստումներ չլինեն: Իսկական քաղաքապետը պետք է լինի հասարակ ժողովրդի շարքերից, որպեսզի հասկանա բնակիչների խնդիրները, այլ ոչ թե այնպես լինի, որ նրան «ծանոթի միջոցով» նշանակեն: Տարիքը կարևոր չէ, մեծահասակը փորձ ունի, իսկ երիտասարդը մտածում է ավելի նորարար, ժամանակին համահունչ: Ես ուշադրություն կդարձնեի կրթությանը և քաղաքի մշակութային զարգացման ոլորտին»:

«Քաղաքապետն առաջնահերթ պետք է անկեղծ լինի տեղի բնակչության հետ, շահագրգռված լինի տեղի հիմնական խնդիրներով, որոնք գերակա են և արագ լուծման կարիք ունեն: Միշտ պետք է ուշադիր լինի նոր օրենքների ուղղությամբ՝ իր իրավունքներն ու պարտականություններն իմանալու, ավելի պրոֆեսիոնալ աշխատելու համար»:

Միջին տարիքի մարդիկ

Միջին տարիքի կանայք և տղամարդիկ կարծում են, որ ամենաշատն իր աշխատանքում քաղաքապետը պետք է ուշադրություն դարձնի բնակչության կարիքավոր շերտերին:

«Քաղաքապետը չպետք է լինի ոչ շատ երիտասարդ, և, ոչ էլ շատ ծեր: Պետք է դյուրազգաց վերաբերմունք ցուցաբերի մարդկանց նկատմամբ, լսի բնակչության կարիքները և, հնարավորության դեպքում, բավարարի դրանք: Ամենից շատ նա պետք է ուշադրություն դարձնի չքավորներին, պետք է աջակցի նրանց: Նա պետք է ունենա համապատասխան կրթություն, մարդկանց հետ աշխատելու փորձ»:

«Նախ պետք է կրթված լինի: Երկրորդը՝ համբերատար, որ լսի բնակչության բողոքները և համբերատար լուծի դրանք: Իհարկե, տղամարդ պիտի լինի: Նա առավելագույն պատկերացում պիտի ունենա, թե ինչ է կատարվում շրջապատում: Միջին տարիքի, որ ունենա կյանքի փորձ»:

«Պետք է ծառայի մարդկանց: Պետք է լինի խելացի, խելամիտ, 30 տարեկանից բարձր»:

«35 տարեկանից բարձր, անպայման պետք է արժանապատիվ մարդ լինի, սիրի իր ժողովրդին և քաղաքը: Ես կցանկանայի, առաջին հերթին, քաղաքում զարգացնեին մշակութային կյանքը»:

«Էներգիայով լեցուն, իր աշխատանքի նկատմամբ մոլուցք ունենա: Կրթությունը պարտադիր չէ: Տարիքը նշանակություն չունի: Կարևորը` հասկանա իր աշխատանքը: Իր աշխատանքում նա պետք է ուշադրություն դարձնի քաղաքի կարիքներին և արձագանքի դրանց, եթե կարիքավորները կան, ուրեմն օգնի նրանց»:

«Եթե նա մտահոգ լինի մարդկանց, բնակչության համար, այլ ոչ թե իր համար, ապա իդեալական կլինի: Պետք է լինի շրջանից, իհարկե, ունենա բարձրագույն կրթություն: Ամենից շատ ես պետք է հոգամ սոցիալապես անապահով ընտանիքների մասին»:

Ամալյա Բաբայան