Օգոստոսի 15-ին Վրաստանում սկսվում է Pfizer/BioNTech կորոնավիրուսի դեմ կրկնակի պատվաստման համար գրանցումը: Այս մասին երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:
Երկրորդ ներարկման համար կարող եք գրանցվել Առողջապահության նախարարության հատուկ կայքում կամ զանգահարելով 1522 թեժ գծին:
Պատվաստումների մակարդակը բարձրացնելու համար Վրաստանը ավելացնում է ինչպես բժշկական թիմեր, այնպես էլ տարածքներ, որտեղ պատվաստումներն են իրականացվում:
«Պատվաստումների ծրագիրն ակտիվորեն ընթանում է: Պատվաստող թիմերը աստիճանաբար ավելանում են ինչպես Թբիլիսիում, այնպես էլ այլ շրջաններում: Պատվաստումների ծածկույթը լավ էր վերջին երեք օրվա ընթացքում: Միջինը վերջին 3-4 օրերին կազմել է 20 000: Կարծում ենք, որ հնարավոր կլինի պատվաստումների ծրագիրն էլ ավելի ընդլայնել», – ասել է Գաբունիան:
Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսվեցին մարտի 15-ին, աստիճանաբար ընդգրկելով բնակչության ավելի ու ավելի նոր խմբերի: Ազգային արշավը մեկնարկեց հուլիսի 5-ից:
Մինչև օգոստոսի 9-ը կորոնավիրուսի պատվաստանյութից առնվազն մեկ դոզա ստացած քաղաքացիների թիվը հասել է 641 242-ի կամ Վրաստանի ընդհանուր բնակչության ավելի քան 17%-ը: Պատվաստանյութի երկու դեղաչափ է ստացել 197 118 մարդ, որը կազմում է բնակչության 5%-ից մի փոքր ավելին:
Այս պահին Վրաստանում թույլատրվում է Pfizer-ի պատվաստումը 16 և բարձր տարիքի անձանց համար: 45 տարեկանից բարձր քաղաքացիները կարող են ընտրել AstraZeneca-ն, իսկ 18 տարեկանից բարձր՝ Sinopharm-ը կամ Sinovac-ը:
Ազգային ծրագրի համաձայն՝ մինչև 2021 թվականի վերջ Վրաստանի չափահաս բնակչության 60-70%-ը պետք է պատվաստվի կորոնավիրուսից: Փորձագետները կարծում են, որ դա բավական կլինի կոլեկտիվ իմունիտետ ձևավորելու համար: