Ախալքալաքի զինվորական հաշվառման ծառայությունը, երկու աշխատակիցների մոտ կորոնավիրուս ախտորոշվելուց հետո, 12 օրով փակվել է: Վիրուս հայտնաբերվել է նաև «Ախալքալաքի» հիդրոէլեկտրակայանի շինարարության աշխատակցի մոտ:
Երբ Ախալքալաքի զինվորական հաշվառման ծառայության մեկ աշխատակցի մոտ հաստատվեց կորոնավիրուս, մյուս աշխատակիցները երկու անգամ թեստավորվեցին: Արդյունքում հաստատվեց է ևս մեկ դեպք:
Ըստ Ախալքալաքի առողջապահության կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սիրանուշ Տոնականյանի, մտավախություն ունենալով, որ աշխատակիցները կարող են չպահպանել ինքնամեկուսացման կանոնները, որոշում են 12 օրով փակել հաստատությունը:
«Հնարավոր է, որ թեստն անմիջապես ցույց չտա, անվտանգության նկատառումներից ելնելով մենք որոշեցինք փակել զինվորական հաշվառման ծառայությունը: Մենք կորոնավիրուսի թեստերը կանցկացնենք ոչ թե երկուշաբթի, ինչպես նախատեսված էր, այլ 12 օր անց», – ասաց Սիրանուշ Տոնականյանը:
Այս պահին զինվորական հաշվառման ծառայության երկու աշխատակից վարակված են կորոնավիրուսով, իսկ չորսը գտնվում են ինքնամեկուսացման մեջ:
Սիրանուշ Տոնականյանի խոսքով, այսօր կորոնավիրուս է հայտնաբերվել հիդրոէլեկտրակայանի շինարարության մեկ աշխատակցի մոտ, որն Ախալքալաքում կառուցում է ամերիկյան «Աիսի» ընկերությունը: Վարակված տղամարդը Մառնեուլից է: Վեց հոգի, որոնց հետ նա շփում է ունեցել, գտնվում են ինքնամեկուսացման մեջ և 72 ժամից հետո՝ երեքշաբթի օրը, նրանք կթեստավորվեն: