Վրաստանի Առողջապահության նախարարությունը որոշել է ընդլայնել կորոնավիրուսի դեմ պատվաստման ծրագիրը և պատվաստել ոչ միայն քաղաքներում և շրջկենտրոններում, այլ նաև գյուղերում: Այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:
Նրա խոսքով, շրջանային հիվանդանոցներին կհանձնարարվի գյուղի բժիշկների օգնությամբ պատվաստել այն քաղաքացիներին, ովքեր տարբեր պատճառներով չեն կարող գնալ պատվաստման համար քաղաք:
«Դուք լավ գիտեք, որ այժմ ոչ բոլոր գյուղական ամբուլատորիաներն ունեն նույնանման պայմաններ: Որոշ ամբուլատորիաներ լավ վիճակում են, և այնտեղ պատվաստումներ կարող են կատարվել, այլ գյուղերում նույնպես, հնարավորության սահմաններում, դա կանեն շարժական բրիգադները, կամ պատվաստումը տեղի կունենա այլընտրանքային շենքերում», – ասել է Գաբունիան:
Վրաստանի Առողջապահության նախարարությունն ակնկալում է պատվաստումների մակարդակի բարձրացում՝ օրական մինչև 30 հազար ներարկում: Այժմ, միջին հաշվով, պատրաստվում է օրական 20 հազար մարդ:
Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը սկսվել է մարտի 15-ին՝ աստիճանաբար ընդգրկելով բնակչության ավելի ու ավելի նոր խմբեր: Ազգային պատվաստարշավը լայն տարածում գտավ հուլիսի 5-ին:
Մինչև օգոստոսի 7-ը կորոնավիրուսի պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ ստացած քաղաքացիների թիվը հասել է 606 988-ի, ինչը կազմում է Վրաստանի ընդհանուր բնակչության ավելի քան 16,3%-ը:
Վրաստանում այս պահին Pfizer-ով պատվաստումը թույլատրվում է 16 տարեկանից բարձր անձանց համար: 45-ից բարձր քաղաքացիները կարող են ընտրել AstraZeneca-ն, իսկ 18-ից բարձր անձինք` Sinopharm-ը կամ Sinovac-ը:
Ազգային ծրագրի համաձայն՝ մինչև 2021 թվականի վերջ Վրաստանի չափահաս բնակչության 60-70%-ը պետք է պատվաստվի կորոնավիրուսի դեմ: Փորձագետները կարծում են, որ դա բավարար կլինի կոլեկտիվ իմունիտետի ձևավորման համար: