Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ և ներկա է գտնվել ցուցադրական վարժանքներին:
«Ցանկանում եմ անկեղծորեն շնորհավորել Պետական անվտանգության ծառայության յուրաքանչյուր աշխատակցի այս օրվա կապակցությամբ: Ինչպես գիտեք, 6 տարի է անցել Պետական անվտանգության ծառայության ստեղծումից: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր աշխատակցի պրոֆեսիոնալ կատարած աշխատանքի և ծառայության համար: Նրանք ամեն օր ծառայում են մեր երկրին, մեր քաղաքացիներին, մեր բնակչությանը, պաշտպանում և հզորացնում մեր պետությունը: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ և մաղթում հաջողություն», – ասել է վարչապետը:
Այսօր ավելի վաղ կառավարության ղեկավարը հանդիպել է նաև անվտանգության բլոկի ղեկավարության հետ՝ Պետական անվտանգության ծառայության պետ Գրիգոլ Լիլուաշվիլիի, ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի, պաշտպանության նախարար Խուանշեր Բուրճուլաձեի, Պետական անվտանգության հատուկ ծառայության պետ Անզոր Չուբինիձեի, հետախուզական ծառայության պետ Շալվա Լոմիձեի, ինչպես նաև խորհրդարանի նախագահ Կախա Կուճավայի հետ:
Պետական անվտանգության ծառայությունը ստեղծվել է 2015 թվականի օգոստոսի 1-ին: Պետական անվտանգության ծառայությունը գործադիր իշխանության մասնագիտացված հաստատությունների համակարգ է, որն անմիջականորեն ենթարկվում է Վրաստանի կառավարությանը և իր իրավասությունների սահմաններում ապահովում պետական անվտանգությունը:
Ծառայության գործունեության ոլորտներն են՝ Վրաստանի սահմանադրական կարգի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ռազմական ներուժի պաշտպանությունը օտարերկրյա հատուկ ծառայությունների և անհատների անօրինական գործողություններից, երկրի տնտեսական անվտանգության ապահովումը, անդրազգային կազմակերպված հանցավորության և պետությանը սպառնացող միջազգային հանցագործության դեմ պայքարը, նաև անվտանգությանը, կոռուպցիայի կանխարգելմանը, բացահայտմանը և ճնշմանն ուղղված միջոցառումները:
Անվտանգության ծառայությունը բաղկացած է 13 կառուցվածքային ստորաբաժանումներից՝ ներառյալ Հակաահաբեկչական կենտրոնը, Հակակոռուպցիոն գործակալությունը, Գլխավոր տեսչությունը, Հակահետախուզությունը: