«Վրացական երազանք» իշխող կուսակցությունը միակողմանիորեն կատարել է ապրիլի 19-ի համաձայնագրով ստանձնած բոլոր պարտավորությունները: Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Հուլիսի 28-ին կայացած ճեպազրույցում «Վրացական երազանքը» անսպասելիորեն հայտարարել էր ընդդիմության հետ համաձայնագրի չեղարկման մասին, որը ստորագրվել էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ:
Սա երկրի արեւմտյան գործընկերների սուր քննադատությունն առաջացրեց, ովքեր սկսեցին կասկածել, որ Վրաստանը շարունակում է հավատարիմ մնալ արեւմտամետ կուրսին:
Ի պատասխան դրան՝ Շառլ Միշելը նախորդ օրը հայտարարեց, որ պատրաստվում է Վրաստանի քաղաքական սուբյեկտների հետ խորհրդակցությունների հաջորդ փուլին:
«Մենք որոշում կայացրեցինք և դուրս եկանք միակողմանի ձևակերպված համաձայնագրից: Իրականում, կուսակցության նախագահը դա լավ պարզաբանեց, որ մենք 100 օրվա ընթացքում գործնականում միակողմանիորեն կատարել ենք մեր ստանձնած պարտավորությունները:
Այստեղ ես կցանկանայի օգտվել առիթից և հրապարակավ արձանագրել իմ երախտագիտությունը նախագահ Միշելի նկատմամբ, մի մարդու, ով շատ բան է արել մեր ներքաղաքական իրավիճակը հանդարտեցնելու համար: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ներգրավված էին այս գործընթացին», – հայտարարել է Ղարիբաշվիլին:
Վարչապետը կրկնել է կուսակցության առաջնորդների փաստարկը, ըստ որի՝ երկրի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը՝ «Միասնական ազգային շարժումը», «բացարձակ անպատասխանատու վերաբերմունք» է ցուցաբերել՝ հրաժարվելով համաձայնագիրը ստորագրելուց:
«Նրանք միտումնավոր չստորագրեցին համաձայնագիրը, ամբողջովին անտեսեցին և վիրավորեցին Եվրամիությանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներին: Իհարկե, մենք ամեն ինչ արեցինք բոլոր պարտավորությունները միակողմանի կատարելու նպատակով: Այս մասին հրապարակավ հայտարարվել էր, և ես ուզում եմ ևս մեկ անգամ հաստատել, որ բարեփոխումները մեր կողմից կշարունակվեն:
Մենք նաև լսեցինք Շառլ Միշելի հայտարարությունը, որի հիման վրա ուզում եմ բոլորին կոչ անել, որպեսզի հանդարտվեն:
Մեզ հիմա հարկավոր է զարգացում, մեր բնակչությանը պետք է կայունություն և զարգացում, սա անհրաժեշտ է մեր երկրին», – նշել է Ղարիբաշվիլին: