Վրաստանի բնակիչներին հորդորել են համեստորեն նշել Նոր տարին՝ հունվարին կորոնավիրուսով վարակման դեպքերի հերթական ցատկը կանխելու համար։ Համապատասխան հայտարարությունն այսօր արել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն։
«Բոլորին մաղթում եմ, որ 2022 թվականին համավարակն ավարտվի, բայց, այնուամենայնիվ, բոլորը պետք է աշխատենք հնարավորինս համեստ նշել այս տոնը [Ամանոր], խուսափել մեծ հավաքույթներից, դիմակ կրել՝ լինի բաց թե փակ տարածք, որպեսզի կանոնակարգերը պահանվեն, իսկ մուտքը լինի միայն «կանաչ անձնագրերով», լինի դա ընդհանուր հավաքույթ, թե համերգ երեխաների համար»,- ասել է Գամկղրելիձեն։
Դեկտեմբերի 1-ից Վրաստանում սկսել է գործել թվային «կանաչ անձնագրերի» համակարգը։ Այժմ սննդի օբյեկտներ, հյուրանոցներ, թատրոններ, թանգարաններ, ֆիթնես կենտրոններ և լեռնադահուկային հանգստավայրերում ճոպանուղիներ այցելելու համար 18 տարեկանից բարձր քաղաքացիները պետք է ներկայացնեն էլեկտրոնային փաստաթուղթ, որտեղ նշված է վերջիններիս COVID-կարգավիճակը։ Պատվաստվածների և կորոնավիրուսով վարակվածների համար Վրաստանում կորոնավիրուսի անձնագրերի վավերականության ժամկետն անսահմանափակ է։
Նորամուծությունը հնարավորություն է տվել վերացնել սննդի, հյուրընկալության, զբոսաշրջության և զվարճանքի ոլորտներում որոշ սահմանափակումներ։ Այսպիսով, օրինակ, ռեստորաններն ու բարերն այժմ կարող են աշխատել շուրջօրյա, այլ ոչ մինչև 23:00-ն, ինչպես նախկինում էր:
Համավարակի սկզբից Վրաստանում հայտնաբերվել է COVID-19 վարակի ավելի քան 886,3 հազար դեպք,որտեղից մահացել է 12 695 մարդ։ Նոյեմբերին երկիրն հաղթահարեց համավարակի հինգերորդ ալիքի պիկը։ Այդ ժամանակ երկրում օրական արձանագրվում էր վարակման 5-6 հազար նոր դեպք և մինչև 70 մահվան ելքով դեպք։