Իրավաբանական հարցերով հանձնաժողովը առաջին ընթերցմամբ քննարկել է կառավարության կողմից նախաձեռնած «Վարչական տույժերից ազատման մասին» և «Համաներման մասին» օրինագծերը, որոնք վերաբերում են համավարակի պատճառով սահմանված կանոնակարգերը խախտող անձանց:
Այս նախաձեռնությամբ, մինչև 2021 թվականի հունիսի 23-ը, նրանք, ովքեր խախտել են մեկուսացման և/կամ կարանտինի կանոնները, շնչադիմակ կրելու կարգը և արտակարգ դրության ռեժիմը, լինի դա վարչական տուգանք, թե արդեն հարուցված քրեական գործ, ազատվում են տունգանքներից:
«Վարչական տուգանքներից ազատման մասին» օրենքի նախագծի համաձայն` այն անձինք, որոնց նկատմամբ վարչական տուգանքների կիրառման մասին որոշումը չի կատարվել մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը, կազատվեն վարչական տուգանքներից:
«Համաներման մասին» օրենքի նախագծի համաձայն, հանցագործություն կատարած անձը ազատվում է քրեական պատասխանատվությունից և պատժից և համարվում է, որ չի դատապարտվել: Կառավարության խորհրդարանական քարտուղար Բեքա Դոճվիրիի խոսքով, կառավարության նախաձեռնությունը կվերաբերի ավելի քան 245 հազար քաղաքացու, և ընդհանուր առմամբ կվերացվի մինչև 76 միլիոն լարի տուգանք: Հանձնաժողովը աջակցել է լիագումար նիստում օրինագծերի քննարկմանը:
Ավելի վաղ հասարակական սեկտորը քննադատել էր կառավարության նախաձեռնությունը՝ հայտարարելով, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախաշեմին այն կարելի է գնահատել որպես ընտրակաշառք: Տուգանքների դուրսգրման որոշումը նույնպես անարդար է այն քաղաքացիների նկատմամբ, որոնք իշխանությունների որոշման ընդունման պահին արդեն վճարել են անդորրագրերը, կարծում են իրավապաշտպանները: