Վրաստանի Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության փոխանցմամբ, Քվևրիին (գինին պահելու կավե սափոր) աշխարհագրական տեղայնքի կարգավիճակ է ստացել:

Քվևրին դարձել է առաջին ոչ պարենային ապրանքը, որն ընդգրկվել է աշխարհագրական տեղայնքների և տեղանունների պետական ​​ռեեստրում:

Վրաստանում գրեթե բոլոր գինեգործական ընկերություններն այսօր արտադրում են քվեվրիում պատրաստած գինի, իսկ արտահանման մեջ դրա մասնաբաժինը տարեցտարի աճում է: Այս փուլում անհատ գինեգործները քվեվրիում գինու արտադրությամբ են զբաղվում Իտալիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Ճապոնիայի, Սլովենիայի և այլ երկրներում:

Կավե սափորի՝ «քվևրիի» մեջ գինի պատրաստելու վրացական ավանդական մեթոդը 2013 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգություն է հանդիսանում: Վրաստանում հայտնաբերված ամենահին քվևրին գտնվում էր Խրամի լեռան վրա: Դրա տարիքը թվագրվում է մ.թ.ա. մոտ 6-րդ դարով:

Վրաստանի «Սաքպատենտի» մտավոր սեփականության ազգային կենտրոնի նախագահ Մինդիա Դավիթաձեն Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Լեւան Դավիթաշվիլիին ներկայացրել է պահպանված սափորի աշխարհագրական տեղայնքի նշման վկայագիր:

«Վրացական քվևրիի գինին ավելի ու ավելի տարածում է գտնում ինչպես Վրաստանում, այնպես էլ միջազգային ասպարեզում, ինչն էլ ավելի է մեծացնում իր վրա ուշադրությունը: Այդ պատճառով էլ քվևրին՝ որպես որակի մեջ նշանակալի ներդրում ունեցող արտադրանք, ավելի մեծ ուշադրություն է պահանջում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ճանաչումը մեր ուսերին մեծ պատասխանատվություն է դրել: Պետությունը շատ բան է արել քվևրիում պատրաստված գինին հանրահռչակելու համար», – ասել է Դավիթաշվիլին:

Վերջինս նշել է նաև, որ նախարարությունը ստեղծել և մշակել է սափորների չափորոշիչ, որը հաշվի է առնում այս տարածքում պատմական հիշողությունը և ժառանգությունը: