Անան և Հովսեփը ապրում են Ախալցիխեում, իրենց ապագան պատկերացնում միայն Վրաստանում, սակայն մատնանշում են այն դժվարությունները, որոնք դեռ գոյություն ունեն մեր հասարակությունում։ Մեր հերոսները չեն դժգոհում՝ հաղթահարել և հաղթահարում են ինքնահաստատման և ինքնադրսևորման ճանապարհին առաջացած ցանկացած խնդիր:
Ախալքալաքից 70 կմ հեռավորության վրա է գտնվում Ախալցիխեի մունիցիպալիտետը, որտեղ բնակչության մոտավոր 30%-ն ազգությամբ հայեր են։
Անա Հարությունյանն Ախալցիխեի Սուխլիս գյուղից է: Այս տարի է ավարտել Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Նա մտադիր է մագիստրատուրա ընդունվել։
Անան վրաց հասարակության մեջ ինտեգրման խնդիր չի ունեցել, փոքրուց տիրապետում է վրացերենին, սակայն նրան անհանգստացնում է Վրաստանում հայատյացության դեպքերը:
«Ինձ շատ նյարդայնացնում է հայատյացության և խտրականության դեպքերը, կարծրատիպները, որոնք ունեն մեր հանդեպ վրացիները և ոչ միայն վրացիները, այլ Վրաստանում ապրող մյուս ազգերը՝ նույնպես: Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ ես հայտնվել եմ կոնֆլիկտային իրավիճակներում ու հայ-վրացական հարաբերություններ եմ պարզել։ Ասում են, որ իբր երիտասարդները ավելի համերաշխ են, ավելի զարգացած, բայց հակառակն է՝ նրանք ավելի շատ հայատյաց հայացքներ և մտածելակերպ ունեն, քան մեծահասակները: Օրինակ. իմ դասախոսներն ընդհանրապես արմենոֆոբ չեն», – ասում է Անան։
Նա չի ճանաչում ազգությամբ մի հայ երիտասարդի, ով բարձրագույն կրթություն ստանալուց հետո սկսել է աշխատել Ախալցիխեի ինքնակառավարման մարմիններում։
«Ավելի մեծ տարիքով մարդիկ կան, ովքեր աշխատում են քաղաքապետարանում, կամ ինքնակառավարման մյուս մարմիններում, սակայն երիտասարդներից մարդ չեմ ճանաչում», – նշում է մեր զրուցակիցը։
Միաժամանակ, Անան շեշտում է՝ այն երիտասարդները, ովքեր բարձրագույն կրթություն են ստանում Հայաստանում, հիմնականում հետ չեն վերադառնում: Չնայած, վերջին տարիներին նվազել է Հայաստանում սովորողների քանակը:
«Երիտասարդները հիմնականում մնում են Վրաստանում, և իրենց կրթությունը շարունակում են այստեղ: Չեմ կարող կոնկրետ վիճակագրություն ասել՝ թե ավելի շատ Թբիլիսիում են սովորում, թե Ախալցիխեում, սակայն տարբեր ԲՈՒՀ-երում բազմաթիվ հայ ուսանողներ կան: Այո, առաջ հիմնականում գնում էին Հայաստան, հիմա արդեն ոչ, քանի որ Վրաստանում հատուկ լավ նախագծեր կան՝ լեզվի չիմացությունը հաղթահարելու համար: Տեղյակ չեմ, Թբիլիսիից հետ վերադառնում են թե ոչ, բայց Հայաստանից հիմնականում հետ չեն գալիս, իմ ծանոթներից ոչ ոք Երևանից հետ չի վերադարձել»:
Անան իր ապագան տեսնում է այստեղ և չի պատրաստվում երկրից հեռանալ, ընդհակառակը՝ որոշել է մնալ և կայանալ իր մասնագիտության մեջ, և աշխատել:
Հովսեփն ի տարբերություն Անայի, Վրաստանում չի նկատել հայատյացություն: Նա կարծում է՝ ագրեսիա կարող է ի հայտ գալ, երբ մարդիկ չեն տիրապետում պետական լեզվին: Ըստ այդմ էլ, գտնում է, որ բոլորը պետք է տիրապետեն վրաց լեզվին։
«Մենք միշտ լավ ենք զգում մեզ, թեկուզ, եթե չգիտենք պետական լեզուն: Ես Ախալցիխեում ավելի ազատ ու լավ եմ զգում, քան օրինակ Ախալքալաքում», – ասում է Հովսեփ Բաբաջանյանը:
Նա Ախալցիխեի շրջանի Ծղալթբիլա գյուղից է: Ավարտել է Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի էկոնոմիկայի ֆակուլտետի բանկային գործեր բաժնում, իսկ մագիստրատուրան՝ միջազգային բիզնես բաժնում, բայց այս պահին աշխատում է որպես զբոսավար։
Հովսեփը կես կատակ կես լուրջ ասում է. «Հայաստանից միանգամից գնում են «խոպան», քանի որ երբ կրթությունը հայկական է և Վրաստանում աշխատել չեն կարող»:
Նա որոշում է կայացրել կրթությունը Վրաստանում շարունակել, քանի որ անվճար է ընդունվել, հիմա երբ հետադարձ հայացք է գցում կատարած ընտրությանը, մտածում է՝ ճիշտ որոշում է կայացրել։
Հովսեփը կարծում է, որ եթե մարդը տիրապետում է իր մասնագիտությանը, ապա գործ գտնելու շանսերը ավելի մեծ են։
«Եթե ես ցանկանամ շատ լավ էլ կգտնեմ գործ, սակայն այստեղ հարցը միայն գործ գտնելը չէ, այլ նաև աշխատավարձը: Ես հիմա ավելի շատ գումար եմ աշխատում, քան եթե աշխատեմ այլ պետական գործի։ Ես զբաղվում եմ այն ամենով, ինչի շնորհիվ էլ շատ գումար եմ վաստակում»:
Եղել է պահ, երբ Հովսեփը մտածել է երկիրը լքելու մասին, ստացել է լավ առաջակություն, սակայն ինչ-ինչ պատճառներով չի գնացել, չի էլ փոշմանել։
Հատկանշական է, որ «1+4» ծրագրի մեկնարկից ի վեր, Վրաստանի տարբեր ուսումնական հաստատություններում սովորող հայ ուսանողների քանակը ավելացել է, և երիտասարդներից շատերն արդեն աշխատում են տարբեր պետական և ոչ պետական հաստատություններում:
Գայանե Ակոջյան