ԼԳԲՏՔ+ ակտիվիստները վերջին տարիներին ստիպված էին կա՛մ չեղյալ հայտարարել ակցիաները, կա՛մ էլ անցկացնել դրանք՝ թաքցնելով դրա անցկացման ժամանակն ու տեղը և դեմքերը: «Արժանապատվության երթ. Դուրս արի՛ համերաշխության համար»՝ այս կարգախոսի ներքո հուլիսի 5-ին ԼԳԲՏՔ+ ակտիվիստները պատրաստվում են երթ անցկացնել Թբիլիսիի կենտրոնում: Սրանով կեզրափակվի «Tbilisi Pride» շաբաթը:
«Մենք՝ քվիր-մարդիկ, պետք է բարձրաձայն խոսենք մեր խնդիրների մասին: Մեզ պետք է, որ մեր ընտանիքները, ընկերները, գործընկերները, համաքաղաքացիները և պետությունը լսեն մեր ձայնը […] Մենք հավատում ենք: Ելքը համերաշխության մեջ է», – հայտարարում են երթի կազմակերպիչները:
Նրանք կոչ են անում համերաշխության՝ ստեղծելու համար հավասար միջավայր և արժանապատիվ կյանք բոլորի համար` անկախ սեռական կողմնորոշումից և գենդերային ինքնությունից:
«Tbilisi Pride»-ում՝ շահույթ չհետապնդող կազմակերպությունում, որը Թբիլիսիում անցկացնում է փրայդ շաբաթը, հուսով են, որ երթը բեկումնային կլինի Վրաստանի ԼԳԲՏՔ+ համայնքի համար: Ռադիկալ խմբերի կողմից սպառնալիքների պատճառով, վերջին տարիներին ԼԳԲՏՔ+ ակտիվիստները ստիպված են եղել կա՛մ չեղյալ հայտարարել արդեն հայտարարված ակցիաները, կա՛մ անցկացնել դրանք գրեթե գաղտնի՝ թաքցնելով իրենց հավաքների ժամանակն ու վայրը:
Հուլիսի 5-ին ծրագրված քայլերթը նման չի լինի տոնակատարությունների և փառատոների, ինչպես, օրինակ՝ Բրազիլիայում կամ Լոնդոնում, BBC-ին ասել է «Tbilisi Pride»-ի հիմնադիրներից և ակտիվիստներից մեկը` 25-ամյա Միքո Շահդինարյանը:
«Մեզ համար երթը նպատակ չէ, այն գործիք է՝ մեր կառավարությանը և հասարակությանը ասելու, թե ով ենք մենք, որոնք են մեր խնդիրները և ինչ ենք մենք ուզում: Մենք մեծացել ենք Վրաստանում և լավ գիտենք տեղի քաղաքական և մշակութային համատեքստը: Հետևաբար, սա վրացական փրայդ է, որտեղ մարդիկ պարզապես երթ են անելու պաստառներով և հասարակությանն ուղղված իրենց ուղերձներով», – ասում է նա:
Կողմ և դեմ
Դիվանագիտական առաքելությունների և Վրաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցչությունը համատեղ հայտարարությամբ իրենց համերաշխությունն են հայտնել ԼԳԲՏՔ+ համայնքին: Նրանք իշխանություններին կոչ են արել բոլորի համար առանց բացառության ապահովել խաղաղ հավաքի իրավունքը՝ նշելով, որ ակցիայի մասնակիցները չպետք է վախենան բռնության և ատելության զոհ դառնալուց: Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու կոչ են արել 28 Եվրախորհրդարանականներ:
Օրենքը ԼԳԲՏ-ակտիվիստների կողմն է, որն արգելում է խտրականությունը, այդ թվում` սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության նշանով, և Վրաստանի Սահմանադրությունը, որը երաշխավորում է խոսքի ազատությունը և հանրահավաքներ անցկացնելու իրավունքը:
Վրաստանի պատրիարքարանը, որը երկրի ամենահեղինակավոր և ազդեցիկ ինստիտուտներից մեկն է, դեմ է այս ամենին: Նա մեղադրում է «Tbilisi Pride»-ին` մարդու իրավունքների պաշտպանության պատրվակով «ոչ ավանդական կյանքը» քարոզելու մեջ, իսկ որոշ եվրոպացի պատգամավորների և դեսպանատների` Վրաստանի հոգևոր և հասարակական կյանքին միջամտելու և իրենց լիազորությունները չարաշահելու մեջ:
Վրաց Ուղղափառ եկեղեցին կոչ է անում հավատացյալներին հավաքվել աղոթքի արարողությանը՝ կենտրոնական հրապարակում գտնվող Քաշվեթի եկեղեցում՝ աշխարհին ցույց տալու համար, որ իրենք «պաշտպանում են իրենց արժանապատվությունը», և որ «այլասերման պարտադրված փորձը» նրանց համար անընդունելի է:
Ուլտրա-պահպանողական և արմատական խմբերը սպառնում են խափանել ԼԳԲՏ ակտիվիստների երթը: Նրանք արդեն փորձեր են կատարել խանգարել «Փրայդ շաբաթյակի» անցկացմանը:
Իրավապահ մարմիններին մինչ այժմ հաջողվել է կասեցնել այսպիսի փորձերը, բայց ԼԳԲՏ ակտիվիստները դեռևս անվտանգության երաշխիքներ չունեն այսօր նախատեսվող երթի վերաբերյալ:
Լարված մեկնարկ
«Փրայդ շաբաթ» մեկնարկեց հունիսի 1-ին բրիտանական վավերագրական ֆիլմով, որը վերաբերում էր երկու տարի առաջ Թբիլիսիում ԼԳԲՏ-ակտիվիստների կողմից փրայդ կազմակերպելու առաջին փորձին: Ցուցադրությանը ներկա գտնվելու համար հարկավոր էր նախապես գրանցվել: Հյուրերի քանակը սահմանափակ էր, իսկ կազմակերպիչները ցուցադրության անցկացման վայրը և ժամանակը չէին գովազդել:
Չնայած դրան, ուլտրա-պահպանողական խմբերը հավաքվել էին այն ակումբի մոտ, որտեղ պետք է տեղի ունենար ցուցադրությունը: Նրանք փորձեցին ակտիվիստներին և հրավիրված հյուրերին, այդ թվում՝ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, խանգարել մուտք գործել շենք: Ոմանք ձվեր ու շշեր էին նետում: Ներքին գործերի նախարարությունը հայտարարեց ավելի քան 20 մարդու ձերբակալելու մասին:
«Մենք բոլոր միջոցներով փորձում ենք խանգարել նրանց այստեղ գալը: Ձվեր նետելը և ճանապարհը փակելը այս խաղաղ ճանապարհների մեջ է մտնում: Մեզանից ոչ ոք զենք չունի, և մենք ուզում ենք ֆիզիկապես այստեղ կանգնելով խանգարել նրանց», – լրագրողներին ասաց ԼԳԲՏՔ+ համայնքի դեմ ակցիաների ակտիվ մասնակիցներից մեկը՝ Գուրամ Փալավանդիշվիլին:
Նրա խոսքով՝ իրենք չեն պատրաստվում ներխուժել շենք, քանի որ սա փակ տարածք է: «Ուրիշ բան է՝ քայլերթը…», – ասում է նա:
Այս ֆոնին նախատեսվող երթը մտահոգություններ է առաջացնում մայրաքաղաքի կենտրոնում ավելի մեծամասշտաբ բախումների և անկարգությունների առումով: Հենց այս իրադարձությունն էր, որ հենց սկզբից իր վրա գրավեց հոմոֆոբ և ուլտրա-պահպանողական խմբերի հատուկ ուշադրությունը:
Գործարար Լեւան Վասաձեն, ով վերջերս հայտարարել էր իր քաղաքականություն մտնելու մասին, դեմ արտահայտվեց «Արժանապատվության քայլերթին»: Շատերը նրան համարում են ռուսամետ քաղաքական գործիչ, բայց նա դիրքավորվում է որպես ավանդական արժեքների պաշտպան, մեծ մասամբ կազմակերպելով հոմոֆոբ ակցիաներ: 2019-ին նա նույնիսկ սպառնացել էր խանգարել փրայդն անցկացնելուն՝ ստեղծելով ժողովրդական ջոկատներ՝ մայրաքաղաքի փողոցներում պարեկություն իրականացնելու համար: Նա վրացական կինոթատրոններում «And Then We Danced» սենսացիոն ֆիլմի ցուցադրման դեմ ակցիաների առաջին շարքերում էր:
Այս անգամ գործարարը իշխանություններին տասը օր ժամկետ էր տվել` նախատեսված քայլերթը չեղյալ հայտարարելու համար և պահանջել ընդունել «այլասերվածության քարոզչությունն արգելող» օրենք: Ճիշտ է, հետագայում պարզվեց, որ նա ինքը չի մասնակցելու հակացույցերին, քանի որ նա բուժման նպատակով մեկնել էր նախ Թուրքիա, ապա՝ Մոսկվա: Նրա համախոհները և մի շարք արմատական խմբեր, որոնք հայտնի են իրենց հոմոֆոբ հռետորաբանությամբ, մտադիր են հավաքվել կենտրոնական պողոտայում՝ խանգարելու ԼԳԲՏՔ+ ակտիվիստներին:
Եկեղեցին դեմ է
«Փրայդ շաբաթյակի» կազմակերպիչների նկատմամբ սպառնալիքները նորություն չեն: Վերջին տարիներին ԼԳԲՏ-ակտիվիստների հայտարարված ակցիաներն ատելության ալիք են բարձրացնում սոցիալական ցանցերում և հոմոֆոբ ցույցերը՝ ուղղափառության և ավանդական արժեքների պաշտպանության հովանու ներքո: Երբեմն նման հակացույցերը բռնի ձևեր են ստանում:
Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցած իրադարձություններն իրենց կուլմինացիային հասան 2013-ի մայիսի 17-ին: Այնուհետև բազմահազարանոց ամբոխը, այդ թվում հոգևորականության ներկայացուցիչները, ճեղքեցին ոստիկանական կենդանի պատնեշը՝ հետապնդելով ակտիվիստներին, ովքեր պատրաստվում էին տոնել Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը և որոնց երթուղայիններով դուրս էին բերում չեղյալ հայտարարված հանրահավաքի վայրից:
Թբիլիսիում, 2013 թ.-ի մայիսի 17-ին կայացած ԼԳԲՏՔ+ համայնքի նկատմամբ հակացույցը
2013 թ.-ի մայիսի 17-ին ԼԳԲՏ-ակտիվիստների կողմից Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը նշելու փորձն ավարտվեց անկարգություններով և պահպանողական խմբերի կողմից բռնություններով:
Հաջորդ տարի, Պատրիարք Իլիա Երկրորդը՝ Վրաստանի ամենահայտնի և հարգարժան մարդկանցից մեկը, մայիսի 17-ը հայտարարեց որպես Ընտանիքի սրբության օր: Այդ օրվանից ի վեր այս օրը, երբ բազում երկրներում հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ ակցիաներ են ընթանում, հավատացյալները Թբիլիսիի կենտրոնում երթեր և համերգներ են կազմակերպում:
Այս անգամ Պատրիարքարանը կրկին դեմ դուրս եկավ «Փրայդ շաբաթյակի» անցկացմանը: ՎՈՒԵ-ն հայտարարեց, որ մարդկանց փոքր խումբը իր ընտրությունը փաթաթում է մնացածի ուսերին՝ դրանով իսկ բռնություն իրականացնելով և խախտելով Վրաստանի բնակչության բացարձակ մեծամասնության իրավունքները:
Պատրիարքարանը նախ եվրոպացի խորհրդարանականներին և արևմտյան դիվանագետներին կոչ արեց զերծ մնալ «Tbilisi Pride»-ին աջակցելուց, իսկ ավելի ուշ հայտարարեց, որ իրենց հույսը չարդարացավ, և որ Վրաստանի վրա ճնշում է գործադրվում:
«Որոշ դեսպանատների և եվրախորհրդարանականների կտրուկ միջամտությունը մեր հասարակական և հոգևոր կյանքին անհանգստություն է պատճառում և անընդունելի է մեր եկեղեցու և մեր քաղաքացիների համար, և մենք կարծում ենք, որ դա նրանց իրավասությունների չարաշահում է համարվում», – հայտարարել են Պատրիարքարանից:
Միակողմանի՞ համերաշխություն
«Այո, մենք քարոզչությամբ ենք զբաղվում: Մենք սեր ենք քարոզում, ազատություն, հավասարություն, մարդու իրավունքների պաշտպանություն, համերաշխություն, այլ ոչ թե՝ ատելության, բռնության, խտրականության և նվաստացում», – այսպես է պատասխանել «Tbilisi Pride»-ի հիմնադիրներից Մարիամ Կվարացխելիան՝ սոցիալական ցանցում առաջադրված մեղադրանքներին:
«Tbilisi Pride»-ից ասում են, որ իրենց հաճելիորեն զարմացրել է ոստիկանության արձագանքը և բացման ընթացքում նրանց գործելակերպը, և նրանք չեն պատրաստվում հրաժարվում երթն անցկացնելու իրենց մտադրություններից:
2013-ի մայիսի 17-ի դեպքերից հետո ԼԳԲՏՔ+ ակտիվիստներին չէր հաջողվում Թբիլիսիում անցկացնել մեծ և բաց հանրահավաքներ՝ նման հանրահավաքների մասնակիցների նկատմամբ անվտանգության սպառնալիքների պատճառով: Չնայած այն փաստին, որ արմատական և պահպանողական խմբերի հռետորաբանությունը չի փոխվում, «Tbilisi Pride»-ը նշում է, որ այս տարի նրանք աննախադեպ աջակցություն և համերաշխություն ունեն քաղաքացիական հասարակության մի մասի, տարբեր կազմակերպությունների և հասարակական գործիչների կողմից: Միևնույն ժամանակ, ըստ Շահդինարյանի, այս ամբողջ ընթացքում իրենք անձամբ էլ հեռու չեն մնացել սոցիալական բողոքներից և տարբեր ակցիաներից` լինի դա հանքափորների իրավունքների համար, թե վրացական տարածքների օկուպացման դեմ պայքարում աջակցություն ցուցաբերելու առումով:
«Զուտ մարդկայնորեն մենք համերաշխություն ենք ակնկալում բոլոր այն խմբերից, որոնց մենք տարբեր ձևերով օգնել ենք», – ասում է նա:
«Tbilisi Pride»-ը սատարում էր բազմօրյա բողոքի ցույցին ընդդեմ Արևմտյան Վրաստանում գտնվող Ռիոնիի գետի վրա հիդրոէլեկտրակայանների կասկադի կառուցմանը և համերաշխություն հայտնում «Հանուն Ռիոնիի կիրճի փրկության» շարժմանը: Բայց այս դեպքում պատասխանը եղավ «Հանուն Ռիոնիի կիրճի փրկության» շարժման հայտարարությունը, որը շատ առումներով համահունչ էր Պատրիարքարանի դիրքորոշմանը: Շարժման նախաձեռնող խումբը հայտարարեց, որ իրենք զերծ են մնում «Tbilisi Pride»-ի կողմից կազմակերպված միջոցառումներից՝ որպես գործողություններ,որոնք ուղղված են պետության ու հասարակության դեմ:
Այն ընթացքում, երբ շատերը սատարում էին այս հայտարարությունը, սոցցանցերի որոշ օգտատերեր չթաքցրեցին իրենց հիասթափությունը՝ հայտարարությունը որակելով ԼԳԲՏՔ+ համայնքին հետևից հասցված հարված և արմատական խմբերի կողմից բռնությունների խրախուսանք:
Մայիսի 17-ին Վրաստանում հավատացյալները նշում են Ընտանիքի սրբության օրը
Պատրիարք Իլիա Երկրորդը մայիսի 17-ը Վրաստանում հայտարարել է Ընտանիքի սրբության օր: Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ միջազգային օրը հավատացյալները երթեր են անցկացնում Թբիլիսիի կենտրոնում:
Իշխանությունների դիրքորոշումը
Իշխանությունների և իշխող կուսակցության ներկայացուցիչներն երկիմաստ հայտարարություններ են արել այս ամբողջ ընթացքում: Մի կողմից նրանք ճանաչում են յուրաքանչյուրի խաղաղ հանրահավաքի իրավունքը, բայց մյուս կողմից՝ նրանք հավանություն չեն տալիս այդ հանրահավաքը մայրաքաղաքի կենտրոնական պողոտայում քայլերթի տեսքով անցկացնելու մտադրությանը:
«Սահմանադրությունը և օրենքը պաշտպանում են յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները: Կարծում եմ, որ սխալ է դրա վրա անհարկի ուշադրություն գրավելը և դրա շուրջ ավելորդ իրարանցում ստեղծելը: Կարծում եմ, որ դրանով մենք ոտնահարում ենք այդ մարդկանց իրավունքները», – այսպես է պատասխանել խորհրդարանում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդդիմության պատգամավորների հարցերին՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ, որոնք նա պատրաստ է տրամադրել քայլերթի մասնակիցներին:
Թբիլիսիի քաղաքապետ Կախի Կալաձեն ասում է, որ ինքը նպատակահարմար չի համարում փրայդ շաբաթյակն անցկացնելը, քանի որ երկու կողմերում էլ կան խմբեր, որոնք կարող են դա «սխալ օգտագորել»: Միևնույն ժամանակ, նրա կարծիքով, ընդհանրապես անհնար է գտնել դեպքեր, երբ Վրաստանում խոսքի ազատությունը սահմանափակվել է:
Բացառություն էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին. «Ինձ համար անընդունելի է բռնության, սպառնալիքի, ճնշման և ատելության խոսքի ցանկացած ձև: Անընդունելի է, քանի որ սա մարդկանց սահմանադրական իրավունքի խախտում է: Ինձ համար սա անընդունելի է որպես սահմանադրության երաշխավոր և պաշտպան», – հայտարարել է Նախագահը` նշելով, որ «Tbilisi Pride»-ի մասնակիցները, ինչպես և բոլորը, ունեն սահմանադրական իրավունք՝ արտահայտելու իրենց կարծիքը:
Շահդինարյանին չի զարմացնում իշխող կուսակցության ներկայացուցիչների դիրքորոշումը: Նրա խոսքով՝ «Վրացական երազանքը» հույս ունի ձայների, այդ թվում՝ պահպանողական ընտրողներից, և չի ցանկանում կորցնել դրանք, իսկ եկեղեցին կարևոր դեր է խաղում ընտրարշավի ընթացքում:
«Իշխանությունները սովորաբար ասում են մեզ, որ համատեքստը հիմա այնպիսին է, որ դուք ինքներդ պետք է հրաժարվեք բողոքից: Նրանք միշտ ասել են դա, ութ-ինը տարի շարունակ այս ուղերձը չի փոխվում», – նշում է նա:
Չնայած իշխող կուսակցության դիրքորոշումը մնում է անփոփոխ, դրական տեղաշարժերն ակնհայտ են ընդդիմության սպեկտրում, ասում է նա: Մայիսին, 15 քաղաքական կուսակցություններ ստորագրեցին համաձայնագիր՝ խոստանալով պայքարել ԼԳԲՏՔ+ անձանց նկատմամբ խտրականության և բռնության դեմ ու քաղաքական գործընթացներում չօգտագործել ատելության խոսք: Այս փաստաթղթի տակ իշխող կուսակցության ստորագրությունը չկա:
Համաձայն միջազգային հանրապետական ինստիտուտի փետրվարին անցկացված հարցման արդյունքների՝ եկեղեցին ինստիտուտների վարկանիշային աղյուսակում զիջում է միայն բանակին, իսկ ՎՈՒԵ-ի ղեկավար, Պատրիարք Իլիա Երկրորդը զգալիորեն առաջ էր անցնում ինչպես ընդդիմադիր քաղաքական գործիչներից, այնպես էլ իշխանական պաշտոնատար անձանցից:
Անցյալ աշնանը CRRC Georgia-ի կողմից կատարված մեկ այլ ուսումնասիրության համաձայն, 80%-ը համաձայն է, որ ՎՈՒԵ-ն նպաստում է վրաց հասարակության մեջ բարոյական արժեքների պահպանմանը: Բայց միայն 4%-ն է դրական վերաբերվում խորհրդարանի ԼԳԲՏՔ+ պատգամավորների թվի աճին՝ ընդդեմ 69%-ի, ովքեր կարծում են, որ դա կհանգեցնի բացասական հետևանքների:
Չնայած դրան, Շահդինարյանը կարծում է, որ եթե կա քաղաքական կամք, Վրաստանում ԼԳԲՏՔ+ համայնքի համար դրական փոփոխությունների կարելի է հասնել՝ հաշվի չառնելով բնակչության մեծ մասի պահպանողական տեսակետները:
«Հենց այդ պատճառով ենք մենք այն անվանել Արժանապատվության քայլերթ, քանի որ մենք պայքարում ենք այս երկրում արժանապատիվ կյանքի համար: Մենք՝ կազմակերպիչներս, կամավորներս, «ոչ» ենք ասում արտագաղթին և պատրաստ ենք այստեղ պայքարել մեր իրավունքների համար: Ես շատ եմ ուզում, որ ԼԳԲՏՔ+ անձինք ավելի լավ ապրեն, քան ապրում են հիմա: Սա մասամբ արտոնություն է, քանի որ ոչ բոլորը կարող են բաց խոսել այս մասին, ոչ բոլորն ունեն այդ մասին խոսելու ֆիզիկական և հուզական ռեսուրսներ: Բարեբախտաբար, ես դա ունեմ», – ասում է Միքո Շահդինարյանը: