Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Եվրոպայի օրվա կապակցությամբ իր ուղերձում հայտարարել է, որ Վրաստանն անկախության վերականգնումից ի վեր ձգտում է դեպի եվրոպական տարածություն:
Ըստ նրա, վրաց-եվրոպական հարաբերությունները երբեք այնքան ամուր չեն եղել, որքան այսօր:
«Մենք քիչ քայլեր չենք արել այս միասնության ուղղությամբ: 2014-ին առանցքային իրադարձությունը Ասոցացման համաձայնագրի ստորագրումն էր: Եվրոպայի հետ վիզային արգելքի վերացումը մեզ էլ ավելի սերտացրեց: Եվրոպական ինտեգրման գործընթացն եզակի հնարավորություն է մեր աբխազ և օս եղբայրների համար՝ օգտվել Եվրոպայի հետ հարաբերությունների սերտեցմամբ դրսևորված բարիքներից:
Վրաց-եվրոպական հարաբերությունները երբեք այնքան ամուր չեն եղել, որքան այսօր է: Շնորհակալ եմ մեր եվրոպացի բարեկամներին և գործընկերներին, առանց որոնց հսկայական աջակցության՝ Վրաստանը նման առաջընթացի չէր հասնի:
2024 թվականին մենք դիմելու ենք Եվրամիությանը լիարժեք անդամակցության համար: Ուրախ եմ, որ ներկա սերունդներին է բաժին ընկել մեր նախնիների երազանքը կյանքի կոչելու հնարավորությունը», – նշում է Իրակլի Ղարիբաշվիլին: