Անահիտ Ստելմաշովին ու Արտյուշ Գոմցյանին Ախալքալաքում բոլորը գիտեն: Չնայած նրան, որ Անահիտը դեռ դպրոցական է, իսկ Արտյուշը շատ երիտասարդ, սակայն մեկը՝ մշակույթի, մյուսը՝ սպորտի ասպարեզում հայտնի են ոչ միայն մեր երկրում, այլև՝ արտասահմանում: Հագեցած օրակարգ. համերգներ ու մրցաշարեր, փառատոններ ու առաջնություններ՝ Լոնդոն, Իտալիա, Ռուսաստան ու ԱՄՆ, Ֆրանսիա, Եվրոպա՝ մինչև չհայտնվեց կորոնավարակը: Բայց նրանք չեն սրտնեղում և ավելի շատ խոսում են իրենց կյանքում վարակի դրական ազդեցության, քան դժվարությունների մասին:
Անահիտ Ստելմաշովը հյուր է գնում տատիկին
«Իմ կյանքը սովորական է, ինչպես մնացած բոլորինն է, պարզապես իմ ժամանակի մեծ մասը ես երաժշտության վրա եմ ծախսում: Լինում է, որ տրամադրություն չեմ ունենում ինչ-որ պատճառով, լինում է երաժշտության ընտրությունով պայմանավորված: Օրինակ. դուր չի գալիս ծրագրի ընտրությունը, ուզում ես ինչ-որ բան անել, անում ես ու ստացվում է, բայց դա քո ուզածը չէր, դու ինչ-որ ուրիշ բան էիր ուզում: Իմ տրամադրությունը կախված է այն երաժշտությունից, որը ես նվագում եմ, իսկ երաժշտությունը, որը ես եմ լսում, դա արդեն կախված է իմ տրամադրությունից: Հաճախ լսում եմ կամ ջազ, կամ պոպուլյար երաժշտություն», – իր հոգեվիճակն այսպես է նկարագրում 15-ամյա դաշնակահարուհին:
Անահիտ Ստելմաշովն իր ժամանակի մեծ մասը կորոնավիրուսի ժամանակ անցկացրել է ծնողների և քույրերի կողքին, ընտանեկան միջավայրում, ինչը դրական ազդեցություն է թողել իր կյանքում:
«Ես կարող եմ ասել, որ համաճարակը դրական է ազդել իմ կյանքի վրա, քանի որ ես հիմա շատ ժամանակ եմ անցկացնում իմ ընտանիքի հետ, այնպես ինչպես վերջին երկու տարին շատ դժվար էր, անընդհատ ճանապարհորդում էի, և ուսուցչիս հետ էի գնում, հաճախ էի կարոտում ծնողներիս: Դրա համար իմ կարծիքով դրական ազդեց, չնայած որ կովիդի պատճառով չկարողացա ԱՄՆ մեկնել», – պատմում է Անահիտը:
Անահիտը պարտադիր ժամանակ է հատկացնում քույրերին: Նրանք հաճախ են միասին նստում և երաժշտություն լսում: Հաճախ Անահիտը ուսուցչի դեր է խաղում և քույրերի հետ հատուկ զբաղվում երաժշտությամբ, որպեսզի նրանք ևս սիրեն դասական երաժշտությունը: Կատակում է, քույրերի հետ ավելի լավ է լեզու գտնում, քան իր հասակակիցների:
«Ես ձգտում եմ նրանց սովորեցնել, մեծի իրավունքում ուզում եմ, որ իրենք ճիշտ ուղղությամբ զարգանան: Օրինակ. Վալերիայի հետ երաժշտությամբ եմ զբաղվում, իրեն նույնպես շատ է դուր գալիս երաժշտությունը, փոքրի (Մանե) հետ՝ նույնպես: Ես ուզում եմ իրենց դասական երաժշտություն սովորեցնել: 21-րդ դարում բավականին դժվար է փոքր երեխային սովորեցնել դասական երաժշտության, բայց նկատել եմ, որ իրենց նույնպես հետաքրքիր է դա»:
Անահիտ Ստելմաշովն ընդամենը 15 տարեկան է, բայց արդեն հասցրել է աշխարհի հայտնի բերմերում նվագել ու գրավել հանդիսատեսի սիրտը: Բացառիկ տաղանդով օժտված փոքրիկ դաշնակահարուհին մշտապես ներկայացնում է Վրաստանը միջազգային տարբեր մրցույթների, փառատոնների ու համերգային ծրագրերի ժամանակ: Բայց ինչպես ինքն է վստահեցում՝ չի մոռանում նաև իր ծծնդավայրի Ախալքալաք քաղաքի մասին պատմել:
«Ես մշտապես իմ հասակակիցների հետ շփումներում, ամեն հնարավոր առիթի պատմում եմ, որ Ախալքալաք քաղաքից եմ, այստեղ մարդիկ ինչքան բարի են, բնությունը հրաշալի և այլն: Եվ ես հպարտ եմ, որ ներկայացնում եմ հենց այս տարածաշրջանը, այս քաղաքը, ես սիրում եմ իմ քաղաքը»:
Անահիտը 2017 թվականից Թբիլիսիի կենտրոնական երաժշտական ուսումնարանում Նինո Քատամաձեի դասարանում է ուսանում, որը կրում է Եվգենի Միքելաձեի անունը: Եվ ստիպված է լինում հաճախ և երկար ժամանակով բացակայել Ախալքալաքից: Նրա գրաֆիկն ավելի հագեցած է լինում հատկապես փառատոնների և մրցույթների ժամանակ, քանի որ պետք է հավուր պատշաճի ներկայանա հանդիսատեսին:
Զգացմունքային դաշնակահարուհուն մշտապես սատարում և նրա կողքին են ծնողներն ու հարազատները. «Միշտ ինձ օգնում են, աշխատում են իմ նպատակներս, ցանկություններս մշտապես իրագործել: Եթե ինչ որ մրցույթ, փառատոն է լինում և հարցը իմ մասնակցությունն է, ես մշտապես այն քննարկում եմ ուսուցիչներիս և ծնողներիս հետ, և միասին որոշում ենք կայացնում»:
Անահիտ Ստելմաշովը ձգտում է ապրել այնտեղ, որտեղ դասական երաժշտությունն է: Նա չի բացառում, որ ապագայում և Ախալքալաքում, եթե այստեղ զարգանա դասական երաժշտությունը և մտածում է, որ հենց ինքը կարող է դա զարգացնել:
Անահիտ Ստելմաշովը Կոմիտաս նվագելիս
«Ես երաժշտությունից բացի ուիրշ մասնագիտություն չեմ պատկերացնում: Իհարկե, հոբիներ ունեմ, օրինակ՝ վերջին կես տարում շատ եմ սիրում խոհանոցում լինել և ինչ-որ բան պատրաստել, պատրաստում եմ ամեն ինչ: Բայց, որպես մասնագիտություն ես ինձ միայն երաժշտության մեջ եմ տեսնում»:
Կորոնավարակի համաճարակի պատաճառով Անահիտի դասերն առցանց են դարձրել: Դժգոհում է, ինտերնետով երաժշտության դաս անելը բարդ է:
Անահիտը տիրապետում է մի քանի լեզուների՝ ռուսերեն, անգլերեն, վրացերեն, վերջին շրջանում որոշել է ինքնուրույն ֆրանսերեն սովորել: Նշում է, վրացերենին տիրապետում է խոսակցական մակարդակում, սակայն աշխատում է, որ լիարժեք տիրապետի:
Խիտ օրակարգի պատճառով, նա հաճախ է հանրակրթական դրպոցում դասերից բացակայում, բայց ձգտում է բաց թողածն առաջին իսկ հնարավորության դեպքում լրացնել: Քանի որ գտնում է, որ հանրակրթական կրթությունը շատ կարևոր, սակայն երաժշտությունից կարևոր չէ:
Փոքրիկ դաշնակահարուհին նվագում է Շոպեն, Շիստակովիչ, Բեթհովեն… և երազում, որ կգա այն երջանիկ օրը, որ ինքն Ախալքալաքում երաժշտության ներկայանալի փառատոն կկազմակերպի:
Ի տարբերություն Անահիտի, Արտյուշը քչախոս է, երևի մասնագիտությունից է: Արտյուշ Գոմցյանը հայտնի բռնցքամարտիկ է, ով Վրաստանի հավաքականի կազմում բազմաթիվ միջազգային մրցաշաերի է մասնակցել և մասնակցում է: Ոսկի, արծաթ ու բրոնզ, նրա մեդալների հավաքածուն բազմազան է:
Արտյուշը նոր է վերադարձել Իտալիայից, նա մասնակցում է Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդական առաջնությանը: Վրաստանը ներկայացնող մարզիկն այս անգամ ևս դատարկաձեռն չի վերադարձել: Նա երկար ընդմիջումից հետո առաջին մրցաշարից վերադարձել է բրոնզե մեդալով:
«Սովորաբար հանդես եմ գալիս 57 կգ քաշային կարգում, բայց այս անգամ հանդես եկա 60 կգ քաշային կարգում: Վերջին շաբաթներին ինտեսիվ մարզվել եմ, պատրաստվել ենք նորմալ: Վերջին մեկ տարում առանձնապես շատ մրցումներ չեղան, բայց փորձում էի մարզավիճակս պահպանել»:
Արտյուշը փոքրուց, ինչ իրեն հիշում է, սպորտով է զբաղվել և մի օր հոր ուղեկցությամբ գնացել Ախալքալաքի մարզահամալիր: 9 տարեկանից նա ամեն օր մարզվում է: Նրա տարերքը բռնցքամարտն է, համեստորեն չի սիրում խոսել իր հաղթանակների ու ձեռքբերումների մասին:
«Փոքրոց սիրել եմ սպորտը, անընդհատ պարապունքների էի գնում, կամաց-կամաց ընթացքում որոշեցի բռնցքամարտիկ դառնալ, հեշտ չէր այդ ուղին, բայց սիրում եմ, ես այս սպորտաձևում ինձ լավ եմ զգում»:
Արտյուշ Գոմցյանը հերթական մրցմանը մեկնելիս
Գոմցյանն ընդգծում է՝ երևի կորոնավիրուսի ժամանակ ամենաբարդը մարզիկների վիճակն էր: Այս ընթացքում Արտյուշն ստիպված է եղել դրսում մարզվել, որպեսզի պահպանի մարզավիճակը:
«Սահմանափակումների արդյունքում մենք հայտնվեցինք այսպես ասած դրսում: Բոլոր հաստատությունները փակեցին, այդ թվում՝ մարզասրահները: Մարզիկներիս համար առավել բարդ էր կորոնավարակի ազդեցությունը, ստիպված դրսում էինք մարզվում, վազք և այլն, մինչև սահմանափակումները որոշ չափով թուլացրին, հետո արդեն մարզահամալիրում էինք մարզվում, բայց այնտեղ էլ ցուրտ էր, հեշտ չէր մի խոսքով»:
Արտյուշ Գոմցյանը մարզվում է Ախալքալաքի մարզահամալիրում
Կորոնավարակի պատճառով Արտյուշը չի կարողացել իր նպատակներից մեկին հասնել: Ուզում էր օլիմպիական խաղերին մասնակցել, սակայն ուղեգիր ստանալու մրցումները հետաձգվել են: Այդ հաղթանակը նրան հնարավորություն կտար մասնակցել օլիմպիական խաղերին:
«Ես պատրաստվում էի օլիմպիադային, բայց կովիդի պատճառով չեղյալ հայտարավեց: Լոնդոնում պարտվեցի, բայց շանս ունեի աշխարհի խաղերին մասնակցելու»:
22-ամյա ախալքալաքցի հայտնի բռնցքամարտիկն արդեն սկսել է պատրաստվել աշնանը կայանալիք բռնցքամարտի Աշխարհի առաջնությանը:
«Հիմա պատրաստվում եմ նոյեմբերին Աշխարհի առաջնությանը մասնակցել: Հույս ունեմ, որ այս անգամ ոչինչ չի խանգարի: Եվ ես կհասեմ իմ նպատակին, կդառնամ աշխարհի չեմպիոն»:
Չնայած նրան, որ համաճարակը Արտյուշին խանգարել է պրոֆեսիոնալ կարիերայում, մարզիկն ասում է, որ վարակը նաև դրական ազդեցություն է թողել իր կյանքում: Նա իր ժամանակի զգալի մասն անցկացրել է ընտանեկան ու ընկերական միջավայրում, ինչը իրեն թույլ չէր կարողանում տալ մրցաշարերի ու առաջնություններին մասնակցելու պատճառով:
«Արտյուշը Վրաստանի ուժեղագույն մարզիկներից մեկն է: Նա հանդիսանում է Եվրոպայի մեդալակիր, Եվրամիույթան մեդակալիր: Մեծ հեռանկար ունի ինչպես սիրողական բռնցքամարտում, այնպես էլ հետագայում պրոֆեսիոնալ ռինգում: Կորոնավիրուսը, իհարկե, ինչպես աշխարհի բոլոր մարզիկներին խանգարեց, այնպես էլ Գոմցյանին, քանի որ մրցումները պարզապես դադարեցրին: Չնայած մարզիկները մարզվում էին տնային պայմաններում, բայց դա բավարար չէր լավ մարզավիճակում գտնվելու համար:
Արտյուշն ուժեղ կամքի տեր երիտասարդ է: Բոլոր դժվարությունները կարող է հաղթահարել և հասնել իր նպատակներին: Դրա վառ ապացույցն այն է, որ Գոմցյանը երեք տարի անընդմեջ դարձավ Վրաստանի մեծահասակների բռնցքամարտի չեմպիոն, 57 կգ քաշային կարգում»,- այսպես է բնութագրում Գոմցյանի անձնական մարզիչ Ատոմ Էլիզբարյանը:
Բռնցքամարտով զբաղվել բակում և երաժշտությամբ՝ առցանց, սրանք բարդություններ են, որոք հաղթահարել են Արտյուշ ու Անահիտը և չեն հուսահատվել: Երիտասարդություն, ձգտում, էնտուզիազմ և ուժեղ ցանկւոթյունը կարող են հաղթահարել բոլոր մարտահրավերները: