«Ուշացած» այցով Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան Պատրիարքարանի և նոր ղեկավարության հետ երկարատև բանակցություններից հետո վերջապես մտել է Նինոծմինդայի մանկատուն: Լոմջարիան հուսով է, որ կստանա իրեն անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը՝ մանկատանը տիրող իրադրությունը գնահատելու համար:
Հունիսի 17-ին Բոդբեի եպիսկոպոս Հակոբը և Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան հանդիպել էին` քննարկելու Նինոծմինդայի մանկատան խնդիրները: Հենց այս հանդիպմանն էր համաձայնություն ձեռք բերվել, որ մանկատան ղեկավարը՝ Բոդբեի եպիսկոպոսը, Գերաշնորհ Յակոբը և Հանրային պաշտպանը միասին կայցելեն մանկատուն:
«Ես եկել եմ Գրասենյակի (խմբ. Հանրային պաշտպանի) մի քանի աշխատակիցների հետ, ովքեր աշխատում են երեխաների իրավունքների ուղղությամբ: Մենք մեզ հետ ունենք նաև մանկական հոգեբան, եթե երեխաները ցանկություն ունենան խոսելու նրանց հետ, մենք կխոսենք: Մենք նախատեսում ենք հանդիպել մանկատան վարչակազմի հետ, այնուհետև ուզում ենք տեսնել, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում երեխաների կարիքները գնահատելու համար, ինչպես են աշխատում սոցիալական աշխատողները, ովքեր, ինչպես գիտենք, շուրջօրյա ռեժիմով այստեղ են գտնվում», – մինչ մանկատուն մտնելը ասել է Նինո Լոմջարիան՝ խոստանալով, որ այցից հետո կկարողանա ավելի լայն մեկնաբանություն կատարել:
Այսօր Նինոծմինդայի մանկատանը մնացել է ընդամենը 15 երեխա (մոտ 60-ից), նախատեսվում է եւս մի քանի երեխաների տեղափոխել խնամքի այլընտրանքային ձևերի:
Հարկ է նշել, որ մանկատան շուրջ սկանդալը բռնկվել էր մոտ 2 ամիս առաջ, երբ ՄԻՊ-ը հայտարարել էր, որ իրեն թույլ չեն տալիս մանկատանը մոնիտորինգ անցկացնել: Դրանից հետո սկսվեցին խոսակցություններ՝ մանկատանը բռնության դեպքերի, ինչպես նաև այնտեղ բազմաթիվ այլ կոպիտ խախտումների մասին: ՄԱԿ-ը Վրաստանի իշխանություններին հանձնարարեց մոնիտորինգ անցկացնել Նինոծմինդայի մանկատանը: Հունիսի սկզբից Նինոծմինդայի մանկատանն աշխատում են տարբեր ծառայություններ և աշխատողներ: Սոցիալական աշխատողները մնում են այնտեղ շուրջօրյա: Մանկատուն այցելել են պատգամավորներ, այս թեմայի շուրջ աշխատելու նպատակով Պատրիարքարանում ստեղծված հանձնաժողովը հատուկ այնտեղ էր աշխատում: Իրենց հերթին, երեխաները հետզհետե տեղափոխվել են այլ վայրեր, այլընտրանքային խնամքի կենտրոններ կամ սեփական ընտանիքներ: Նինոծմինդայի մանկատանը հետաքննվում են բռնության և բռնաբարության դեպքեր: