Ֆրանսիական ոստիկանությունը բերման է ենթարկել 12 մարդու՝ երկրում գործող վրաց-հայկական մաֆիայում ներգրաված լինելու կասկածանքով: Վրացական լրատվականների փոխանցմամբ այս մասին հայտնում է Le Figaro-ն՝ հղում կատարելով Նանսիի մասնագիտացված միջմարզային իրավաբանական վարչության դատախազությանը:

Ձերբակալություններն իրականացվել են հունիսի 25-ի առավոտյան: Հաղորդվում է, որ ձերբակալվածների մեջ են եղել վրացի «օրենքով գող» և Ստրասբուրգում գործող հայկական կլանի առաջնորդ, ինչպես նաև նրանց օգնականներ և հանցակիցներ: Նշվում է, որ այդ մարդիկ ներկայացնում են «միջազգային հանցավոր կազմակերպության էլզասյան մասնաճյուղը, որը մասնագիտանում է գողության բոլոր տեսակների մեջ»:

Նրանց տներում կատարված խուզարկությունների ընթացքում ոստիկանությունն առգրավել է չորս մեքենա և մեկ մոտոցիկլ, 5 ատրճանակ, 352 պարկուճ, 66 շիշ ալկոհոլ, 103 շիշ բրենդային օծանելիք, ավելի քան 17 հազար եվրո կանխիկ գումար, շքեղ զարդեր և կաշի, նաև գողացված այլ մանրուքներ՝ կոսմետիկա, սնունդ և այլն:

Ֆրանսիայի ոստիկանությունը խմբի հետքի վրա էր եղել 2019-ին՝ Գրանդ Էստ շրջանում ավելի քան երկու հարյուր գողություն կատարած Վրաստանի քաղաքացիների երկու խմբերի ձերբակալությունից հետո:

Կազմակերպված հանցավոր խմբի անդամներին մեղադրանք է առաջադրվել «հանցավոր դավադրություն, գողության, փողերի լվացում, խարդախություն» արաքների համար։