Առողջապահության փոխնախարար Թամար Բարկալայայի խոսքով, ներկայումս Նինոծմինդայի մանկատանը մնում է 23 երեխա, որոնք գտնվում են սոցիալական աշխատողների հսկողության տակ: Այս մասին նա երեկ հայնտել է լրագրողներին Պատրիարքարանում տեղի ունեցած հանդիպումից հետո:

«Սոցիալական աշխատողները տեղում են՝ որպես անվտանգության երաշխավորներ: Մենք աշխատում ենք նաև ընտանիքներ գտնելու, ընտանիքներն ամրապնդելու ուղղությամբ, որպեսզի առաջին հերթին ինտեգրում լինի ընտանիքներում, և այս գործընթացը շարունակվում է: Այս փուլում Նինոծմինդայի մանկատանը մնում է 23 երեխա: Մնացած երեխաների մեծ մասը տեղափոխվել է ընտանիքներ», – հայտարարել է Բարկալայան:

Նրա խոսքով, երեկ պատրիարքարանում տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել է, որ պետք է հաշվի առնել երեխաների շահերը:

Միևնույն ժամանակ, ըստ Առողջապահության փոխնախարարի, 2022 թ.-ի ապրիլի 1-ից ուժի մեջ է մտնում օրենքը, համաձայն որի Նինոծմինդայում գտնվող մանկատունը կարող է փակվել և փոխարինվել ընտանեկան փոքր տիպի ընտանեկան հաստատությամբ:

«Համաձայն օրենսդրության, 2022 թվականի ապրիլի 1-ից ուժի մեջ են մտնում լիցենզավորման մասին օրենքի այն կետերը, որոնք ենթադրում են խոշոր հաստատությունների փակումը: Ստացվում է, որ մանկատան անհրաժեշտությունն այլևս չի լինի, մենք այսօր էլ շարունակում ենք այս գործընթացը: Կան երեխաներ, ովքեր կապված են իրենց խնամակալներին, քանի որ երեխաներն ընկալում են նրանց որպես ծնող: Նրանց իրենց շրջապատից կտրելն առաջին հերթին հակասում է նրանց շահերին: Ուստի մենք աշխատում ենք այն երեխաների հետ, ովքեր ընտանիք ունեն և նրանց տեղափոխում ենք ընտանիքներ: Հիմա շատ դժվար է խոսել ժամկետների մասին, քանի որ բոլոր երեխաների կարիքները, ինչպես նաև նրանց նկատմամբ այլընտրանքային խնամքը լիարժեք չեն գնահատվել: Ինչպես ես արդեն ասացի, 2022 թվականի ապրիլի 1-ից օրենքն ուժի մեջ կմտնի: Սա օրենքով սահմանված ամենավերջին ժամկետն է, բայց մինչ այդ մենք կշարունակենք աշխատել տեղում, որպեսզի երեխաների շահերն արագորեն սահմանվեն և նրանք տեղափոխվեն այլընտրանքային ծառայություններ: Մակատունն ինքնաբերաբար կփակվի, և կստեղծվի այլընտրանքային ծառայություն՝ փոքր ընտանեկան տիպի ծառայության տեսքով», – ասել է Բարկալայան: