2021 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Վրաստան միջազգային զբոսաշրջիկների այցելությունների թիվը կազմել է 172 333, ինչը 222,8%-ով ավելին է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Այս մասին հայտարարել է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Մեդեա Ջանիաշվիլին:
Ծառայության համաձայն` միջազգային այցելուների թիվը 2020-ի համեմատ աճել է 161,9%-ով: Ջանիաշվիլին հիշեցրել է, որ մինչ համավարակը գոյություն ունեցող ավիաթռիչքների հաճախականությունն արդեն վերականգնվել է 57%-ով:
«Ավիաընկերությունների թիվը, որոնք չվերթներ են իրականացնում Վրաստան, աճում է: Ըստ այդմ, օդային ճանապարհով ժամանող զբոսաշրջիկների թիվն ավելանում է», – հավելել է նա:
Հունիսի 1-ից օտարերկրացիները ցամաքային տրանսպորտով կարող են մուտք գործել Վրաստան՝ ինչպես պատվաստման ամբողջական կուրսը հաստատող փաստաթղթով, այնպես էլ PCR թեստի բացասական պատասխանով: Ըստ Ջանիաշվիլիի, Զբոսաշրջության վարչակազմը մեծ սպասելիքներ ունի, և ավելի շատ այցելուներ ներգրավելու համար նրանք շուկայավարման արշավ են իրականացնում ինչպես ներքին, այնպես էլ միջազգային շուկաներում: