Ջավախքցի Աշոտ Խանոյանը հերթական ռեկորդն է սահմանել, որի ցուցադրությունն անցկացվել է Արցախում: Գինեսի գրքի աշխարհահռչակ հայազգի վեցակի ռեկորդակիրը այն նվիրել է 44-օրյա Արցախյան պատերազմի նահատակների հիշատակին:

Աշոտ Խնոյանը, ով 35 ամենագնաց մեքենա միանգամից տեղաշարժելով նոր ռեկորդ է սահմանել՝ ասել է, որ ինքն առնաձնապես հպարտ է, որ հենց Արցախում՝ Ստեփանակերտում է նշանավորում իր համար կարևոր այս իրադարձությունը:

«Իմ երազանքն իրականություն է, քանի որ արցախցիներին տեսնում եմ ժպիտով, միաբան և աղոթքով: Մենք ծնկի եկողը չենք: Եվ հենց դրա համար այսօրվա նվաճումս նվիրում եմ 44-օրյա պատերազմի նահատակների անմար հիշատակին և խոնարհվում բոլոր այն քաջորդիների առջև, ովքեր հիմա կանգնած են առաջնագծում», – նշել է ռեկորդակիրը «Արցախպրես»-ին տված հարցազրույցում:

191100715_1203092590149574_8557016414509853020_n

Աշոտ Խանոյանը Ջավախքից է, սակայն այժմ ապրում է Ռուսաստանի Դաշնությունում: Առանձնահատուկ ուժի տեր հայորդին կարողանում է ատամներով տեղաշարժել և քաշել քսաներկու ամենագնաց ավտոմեքենաներ՝ ուղևորներով հանդերձ: Աշոտի մոտ յուրատեսակ առանձնահատկությունն ի հայտ է եկել դեռևս դպրոցական տարիքից, երբ նա ատամներով փորձել և բարձրացրել է դպրոցական նստարանը, այնուհետև նա իր ատամների ամրությամբ և բարձր կամքի շնորհիվ բարձրացրել է տարբեր ծանրության իրեր: Այժմ արդեն Աշոտ Խանոյանը մեծ ճանաչում ունի ոչ միայն Ջավախքում, այլև՝ ամբողջ Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Հայաստանում և, իհարկե՝ Արցախում:

2012 թվականից Աշոտ Խանոյանը սկսել է ռեկորդներ սահմանել և այդ ռեկորդները նվիրել է իր ծննդավայր Ջավախքին, Ռուսաստանի Դաշնության Կրիմսկ քաղաքին, Հայոց ցեղասպանության հարյուրամյակին, Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոս տղաներին: