Այսօր լրացավ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանի մահվան մեկ տարին: Սեպտեմբերի 1-ին, ժամը 17:00-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ հոգելույս Հայր Սուրբի: Այս մասին հայտնում է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունը:

Օգոստոսի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանական գերեզմանատանը, հանդիսապետությամբ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, կատարվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանի մահվան տարելիցին նվիրված հոգեհանգստյան կարգ։ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ աղոթք բարձրացրել առ Աստված հոգելույս Հայր Սուրբի հոգու խաղաղության և հանգստության համար։

Հոգեհանգստյան արարողությունից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում տեղի է ունեցել երջանկահիշատակ Մաղաքիա վարդապետի մասին պատմող ֆիլմի ցուցադրումը և Հայր Սուրբի՝ «Ամենայն Հայոց Կաթողիկոսական Աթոռը և նրա տեղափոխությունները» գրքի շնորհանդեսը։

Հիշեցնենք, որ Հոգեշնորհ Տ․ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը 2019-2020 թվականներին հոգևոր ծառայություն է իրականացրել Ջավախքում: 2019 թվականի մարտ ամսին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ, հոգեշնորհ Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանը ծառայության էր կոչվել Վիրահայոց թեմում: Նա նշանակվել է Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ: