Վրաստանում համաճարակաբանները շրջանավարտներին արգելում են ավարտական երեկույթներ անցկացնել: Մայիսի 20-ին ավարտվել է 12-րդ դասարանցիների ուսումնական պրոցեսը:

«Այս տարի ոչ մի երեկույթներ, եկող տարի, երբ կորոնավիրուսը հաղթահարված կլինի, մենք դա կկրկնապատիկ կերպով կնշենք», – ասուլիսի ժամանակ հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն: Նա ընդգծել է, որ համավարակի ժամանակ ավարտական երեկույթներ չպետք է անցկացվեն:

«Այս տարվա շրջանավարտները բացառություն կլինեն, և, հավանաբար, նրանք կյանքի ընթացքում կհիշեն, որ հենց այն տարին, երբ նրանք դպրոցն ավարտեցին՝ համավարակ էր, և վերջին զանգը հնչեց առանց նրանց: Մենք շրջանավարտներին մաղթում ենք հաջողություն և երջանիկ ապագա», – ասել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի Վարակիչ հիվանդությունների բաժանմունքի վարիչ Խաթունա Զախաշվիլին:

Այս տարի առաջին անգամ Վրաստանի դպրոցներում վերջին զանգը հնչեց առանց աշակերտների: Կորոնավիրուսի համավարակի պատճառով շրջանավարտները ստիպված էին առցանց շփվել իրենց ուսուցիչների և դասընկերների հետ: Համաճարակի կանխարգելման նպատակով Վրաստանի դպրոցներում ընդհնաուր կրթական գործընթացը դադարեցվել էր մարտի սկզբին, երբ սկսվեցին գարնանային արձակուրդները: Այնուհետև ուսումնառությունը հեռավար դարձավ՝ առցանց ռեժիմով:

Միասնական ազգային քննությունների ամսաթիվը դեռ անհայտ է: Մայիսի 1-ի դրությամբ Միասնական ազգային քննություններին արդեն գրանցվել է 39.3 հազար դիմորդ:

Հանրային հեռուստատեսությունում քննություններին նախապատրաստվելու համար դիմորդների համար «Հեռուստադպրոց» նախագիծը երկարաձգվել է մինչև հունիսի 15-ը: Կրթության նախարարությունը գործարկել է նաև հատուկ նախագիծ՝ «Վեբ դպրոց», որը կտևի մինչև հուլիսի 4-ը:

Ծրագրի շրջանակներում պրակտիկոս ուսուցիչները դիմորդների համար կանցկացնեն վեբինարներ, որոնք ներբեռնվելու են el.ge օնլայն հարթակում: Վեբինարների ժամանակացույցը կթարմացվի շաբաթը մեկ:

Միասնական ազգային քննություններին, բուհ ընդունվելու համար դիմորդները համալսարանի պահանջով հանձնում են երեք պարտադիր առարկա և մեկ լրացուցիչ` «ընդհանուր ունակություններ»:

Նյութը՝ «Новости Грузия»-ից