Շատ վրացի կարտոֆիլագործների կարող է սպառնալ 2021/22-ի ևս մեկ ծանր շրջանը: Դա տարօրինակ է հնչում, քանի որ կարելի էր ենթադրել, որ բերքատու տարվանից, և, համապատասխանաբար, ցածր գներից հետո ֆերմերները սովորաբար կրճատում են կարտոֆիլի ցանքատարածքները, բայց հենց այստեղ է թաքնված ինտրիգը, ինչը կարող է պատահել միայն կարտոֆիլագործների հետ: Ահա և ողջ պատմությունը:
2020-ի հոկտեմբերից վրացի կարտոֆիլագործների մեծ մասը մեկ կիլոգրամ կարտոֆիլը վաճառում 50-60 թեթրիով (0,15-0,18 դոլար): Ավելին, գները 2021 թվականի մարտ/ապրիլ ամիսներին հասել են իրենց ամենացածր մակարդակին, երբ դրանք սովորաբար աճում էին ցածր պաշարների պատճառով:
Քանի որ ֆերմերները կարտոֆիլի շատ ցածր գների պատճառով տույժ են կրել, ոմանք նախընտրել են ոչ թե վաճառել իրենց ուտելու կարտոֆիլը, այլ տնկել այն՝ հույս ունենալով, որ հաջորդ տարի գները կվերականգնվեն: Այսպիսով, եթե եղանակը թույլ տա, սեպտեմբերին Վրաստանում կարտոֆիլի բերքը կարող է կրկին առատ լինել:
Մինչդեռ Թուրքիայում իրավիճակը նույնանման է, շուկայում կա կարտոֆիլի զգալի ավելցուկ, ինչը կարող է էլ ավելի ճնշում գործադրել վրացական կարտոֆիլի շուկային:
Չնայած այս բոլոր գործոններին՝ Վրաստանը ԵՄ-ից կրկին զգալի քանակությամբ սերմացու կարտոֆիլ է ներմուծել: Վրաստանի կարտոֆիլագործները կարծում են, որ ավելի որակյալ կարտոֆիլը գերհագեցած շուկայում առաձնացնող գիծը կլինի և դա կարող է օգնել նրանց ստանալ իրենց գյուղմթերքին հարիր գին:
2021 թվականի հունվարին վրացական կարտոֆիլի միջին գինը մոտ 28%-ով ցածր էր, քան 2019-2020 թվականներին: Ապրիլին այս տարբերությունն աճել էր՝ կազմելով 60%: Գնի տարբերությունը ոչ այդքան զգալի կլիներ, եթե 2020-ի մարտին չգրանցվեր գների կտրուկ աճ, երբ կովիդ-համավարակից և սահմանափակումներից առաջացած անորոշությունը հանգեցրեց հիմնական մթերքների խուճապային գնումների՝ Վրաստանում և ամբողջ աշխարհում:
Գների վերջին անկման հիմնական գործոնը համեմատաբար լավ բերքն է հանդիսանում, որը զուգորդված է տեղական շուկայում թույլ պահանջարկի հետ` պայմանավորված համավարակի ու HoReCa-ի և զբոսաշրջության ակտիվության նվազման հետ: Երբ պաշարները սկսեցին կուտակվել, որոշ ֆերմերներ նույնիսկ դիմեցին տեղական ինքնակառավարման մարմիններին աջակցության համար և սպառնացին իրենց կարտոֆիլը դեն նետել: Ընդհանուր առմամբ, ֆերմերները իրավիճակից դուրս գալու երկու հիմնական ելք էին գտել՝ կարտոֆիլ արտահանել կամ նորից ցանել: Երկրորդ տարբերակը ավելի հեշտ էր թվում:
Վրացական թարմ կարտոֆիլի արտահանման հիմնական ուղղությունը սովորաբար Ադրբեջանն է: Որպես կանոն, ադրբեջանցի վաճառականները բեռնատարներով գալիս են Վրաստան, գնում են կարտոֆիլ և վերադառնում տուն: Հաշվի առնելով, որ 2021 թվականի առաջին կեսին Ադրբեջանից քիչ պահանջարկ կար, վրացիների համար դժվար էր արտահանել` հիմնականում փորձի, հետբերքահավաքային ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բարդությունների և շուկայավարման բացակայության պատճառով:
Չիրացված կարտոֆիլից շատը կրկին է տնկվել՝ հաջորդ բերքի տնտեսական հեռանկարը բարելավելու հույսով, ինչը կարող է չափազանց լավատեսական լինել: Հարևան Թուրքիայում նույնպես վաղ բերքն առատ է: Երկրում եղանակային և հողի պայմանները համարվում են բարենպաստ, բայց կա մի ուշագրավ պահ՝ Թուրքիայի զբոսաշրջային շրջաններում կարտոֆիլի օգտագործումը սովորաբար շատ բարձր է, բայց ոչ համավարակի պայմաններում, որը Թուրքիայում սպառնում է զբոսաշրջային հատվածին: Ավելի քիչ օտարերկրյա այցելուներ նշանակում են ավելի ցածր սպառում և ավելի մեծ պաշարներ` նախահամավարակային մակարդակի համեմատ: Այսպիսով, Թուրքիան կփորձի ագրեսիվորեն արտահանել իր կարտոֆիլը, և դրա մի մասը կարող է հայտնվել հարևան Վրաստանում:
Շատ ավելի քիչ վրացի կարտոֆիլագործներ գտել են մրցակցությունը հաղթահարելու մեկ այլ լավ միջոց` կենտրոնանալ ավելի բարձր որակ ապահովելու վրա:
2021 թվականի առաջին չորս ամիսներին սերմացու կարտոֆիլի Վրաստան ներմուծման ծավալը (1,072 տոննա) վերջին հինգ տարվա ընթացքում մեծությամբ երկրորդն էր՝ ավելի շատ, քան 2017 և 2018 թվականների ներկրումների ծավալը միասին վերցված: Սա էլ ավելի տպավորիչ է, երբ մենք տեղական արժույթով դիտարկում ենք սերմացու կարտոֆիլի գների շատ կտրուկ աճ: Ներմուծված սերմացու կարտոֆիլի գները 2021 թվականի հունվար-ապրիլին 46%-ով բարձր են եղել, քան 2014-2020 թվականների միջին գինը (վրացական լարիով):
Սերմացու կարտոֆիլի բարձր գներով սերմացու կարտոֆիլի մեծածավալ ներկրումը պատահական չէ: Վրացական շուկան գնահատում է տեղական արտադրության բարձրորակ կարտոֆիլը:
2021 թվականի հունվար-ապրիլ ժամանակահատվածում վրացի ֆերմերները, որոնք հիմնականում օգտագործում էին եվրոպական սերմացու կարտոֆիլ և կենտրոնացած էին ավելի որակյալ արտադրանքի վրա, միջինում 27%-ով ավելի եկամուտ էին ստանում, քան վրացի միջին ֆերմերը: Էլ ավելի տպավորիչ է այն, որ վրացական շուկան կարծես պատրաստ էր կրկին անգամ ավել վճարել այս կարտոֆիլի համար, քան թուրքականի:
Անշուշտ, նախորդ տարվա համեմատ, ֆերմերների կողմից բարձրորակ պալարների վաճառքից ստացված կարտոֆիլի գները նույնպես նվազել են, բայց ամեն դեպքում նրանց մոտ իրենց արտադրանքի իրացման հետ կապված խնդիրներ չեն առաջացել: Ավելին, բարձրորակ արտադրանքը շատ ավելի արագ է վաճառվել, և ֆերմերները ստիպված չեն եղել սեզոնի ավարտին դրանք կրկին ցանել, ինչպես դա արել են շատ ֆերմերներ:
Ամփոփելով, կարելի է ասել, որ 2021/22 թվականներին Վրաստանում կարտոֆիլի բերքը կարող է կրկին շատ բարձր լինել: Չնայած նման մտավախություններին՝ ֆերմերները հույս ունեն բարելավել տնտեսական իրավիճակը, համավարակից հետո տնտեսական վերականգնում և պահանջարկի աճ: Հուսով ենք, որ այդ սպասումներն իրականություն կդառնան, բայց եթե տարածաշրջանում զբոսաշրջության ոլորտը արագ չաճի, կատաղի մրցակցություն է սպասվում Թուրքիայից կարտոֆիլի ներկրման առումով:
Թեև այս սեզոնը հեշտ չէր վրացի կարտոֆիլագործների համար՝ ցածր գնի և պահանջարկի պատճառով, սակայն որակի վրա կենտրոնացած ֆերմերները շատ ավելի լավ վիճակում էին հայտնվել: Գուցե հիմա ճիշտ ժամանակն է, որ Վրաստանի կարտոֆիլագործներն ավելի շատ ուշադրություն դարձնեն իրենց կարտոֆիլի որակին:
Մեր գնահատականներով՝ Վրաստանի ընդհանուր տարեկան արտադրության միայն 10%-ից պակասն է գալիս վերջերս ներմուծված բարձրորակ սերմացու կարտոֆիլից, ուստի կարտոֆիլի շուկայի բարձրորակ հատվածը, ամենայն հավանականությամբ, աճելու մեծ հնարավորություններ կունենա:
Աղբյուրը՝ east-fruit.соm