Իրավապահների կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքում, վերջին 24 ժամվա ընթացքում, ամբողջ երկրում բացահայտվել է սահմանափակումների շրջանակներում գործող կանոնակարգերի խախտման 532 դեպք: Այս մասին տեղեկացնում է ներքին գործերի նախարարությունը:
Նրանց հաղորդմամբ, ոստիկանությունը տուգանել է 70 ֆիզիկական անձի՝ վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն: Տուգանվածների թվում կան քաղաքացիներ, ովքեր խախտել են տեղաշարժի սահմանափակման կարգը 21:00-ից մինչև առավոտյան 05:00-ն:
Բացի այդ, վերջին 24 ժամվա ընթացքում 364 ֆիզիկական անձինք տուգանվել են վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ շնչադիմակ չկրելու համար, իսկ 98-ը՝ շնչադիմակ կրելու կարգը երկրորդ անգամ խախտելու համար:
«Շնչադիմակ կրելու կանոնների խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության և 20 լարի տուգանքի՝ վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն, իսկ խախտումը կրկնելու դեպքում՝ 40 լարի տուգանքի: Մեկուսացման և կարանտինի կանոնների խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության և ֆիզիկական անձի համար 2000 լարի տուգանքի, իսկ իրավաբանական անձի համար 10 000 լարի տուգանքի՝ վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն: Կրկնվող տուգանքը ենթադրում է քրեական պատասխանատվություն»,- նշված է ՆԳ նախարարության տեղեկատվության մեջ:
Գերատեսչությունում պարզաբանում են, որ Վրաստանի տարածքում գտնվող բոլոր անձինք պարտավոր են ենթարկվել հասարակական առողջության ոլորտում գործող Վրաստանի օրենսդրության պահանջներին: Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին ցուցաբերել բարձր հանրային պատասխանատվություն և ենթարկվել գործող կանոնակարգերին