Վրաստանում պարտադիր կարանտինի և մեկուսացման ժամկետը կարող է կրճատվել 12-ից մինչև ութ օր: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի (NCDC) ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:

«Կարանտինն արդեն կրճատվել է` 14-ից դառնալով 12 օր: Ներկայումս մշակման փուլում են մի քանի մեխանիզմներ: Սա նույն ութ օրն է և հետագա թեստավորումը կամ էլ այլ մոտեցումները: Կարող են որոշակի փոփոխություններ լինել», – ասել է նա:

Ներկայումս 12-օրյա կարանտինը պարտադիր է օկուպացված տարածքներից (Աբխազիա և Հարավային Օսիա) կամ օտարերկրյա պետություններից վերադարձող անձանց, ինչպես նաև վարակվածների հետ շփման մեջ գտնվող քաղաքացիների համար:

Վրաստանը հինգ երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի քաղաքացիներին և բնակիչներին ընձեռել է սեփական տարածք մուտք գործելու անվերապահ իրավունք:

Այս պետություններից վերադարձող Վրաստանի քաղաքացիների համար 12-օրյա կարանտինը պարտադիր է: