Ջավախքից հեռացած ու վերադառնալ չցանկացող ուսանողների թիվը տարեցտարի աճում է: Թե ինչո՞ւ շատերն իրենց հայրենիքում հեռանկար չեն տեսնում՝ այս մասին պատմում են հենց ուսանողները:
Վրաստանի Հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետական նախարարի գրասենյակի տվյալների համաձայն, ազգային փոքրամասնությունները ներկայացնող 350 ուսանող վերապատրաստվել է Վրաստանի տարբեր պետական հաստատություններում՝ ինչպես այն վայրերում, ծնունդով որտեղից էլ իրենք են, այնպես էլ մեծ քաղաքներում: Պետնախարարի գրասենյակը տեղեկություն չունի այն մասին, թե քանի ուսանող է աշխատանք գտել ստաժավորման ծրագրից հետո: Դա պայմանավորված է նրանով, որ դժվար է հետևել ուսանողներին, ովքեր հաճախակի փոխում են իրենց աշխատանքը: Չնայած այն հանգամանքին, որ տեղում հիմնականում մասնագետների մեծ պակաս կա, այնուամենայնիվ ուսանողները նախընտրում են մնալ և աշխատել մեծ քաղաքներում:
Շատերի համար Ախալքալաք կամ Նինոծմինդա չվերադառնալու պատճառն այն է, որ այստեղ աշխատանքից բացի այլ զբաղմունք չկա: Կյանքը միապաղաղ է և ձանձրալի: Մյուսներն էլ, ընդհանուր առմամբ, այլևս ոչինչ չեն ակնկալում, այդ թվում՝ մեծ քաղաքներում նույնպես:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղից Լիլիթ Կարապետյանը ԹՊՀ-ի (Թբիլիսիի պետական համալսարան) ուսանող է: Նա սովորում է իրավագիտության ֆակուլտետում: Ուսանողուհին կարծում է, որ պետությունը նախկին ուսանողների համար հնարավորություններ չի ստեղծում:
«Հիմա ես ավելի շատ հեռանկարներ եմ տեսնում իմ կյանքում: Եվ առաջ շարժվելու հնարավորությունները, կարծում եմ, առանձնապես կապված չեն իմ դիպլոմի հետ: Որպես ԹՊՀ ուսանող՝ ես ավելի եմ հասկանում, որ ինքս պետք է ելք գտնեմ, հեռանկարներ գտնեմ: Քանի որ ոչ համալսարանը, ոչ պետությունը շահագրգռված չեն մեզ աշխատանքով ապահովելու հարցում: Ես սկսում եմ հիասթափվել իմ մասնագիտությունից: Եվ եթե ապագայում ես աշխատեմ որպես իրավաբան, անպայման կստեղծեմ իմ սեփական ընկերությունը, կնախընտրեմ չաշխատել պետական համակարգում», – ասում է Լիլիթ Կարապետյանը:
Մարգարիտան, նույնպես ծնունդով Նինոծմայի մունիցիպալիտետից է: Նա կարծում է, որ լեզվի իմացությունը և ուսանողի կողմից ցուցաբերած ակտիվությունը շատ դռներ է բացում ուսանողի համար:
«Նրանք, ովքեր սովորել են պետական լեզուն, ակտիվ են, նրանք փոքրամասնությունների շրջանում իրենց կարողությունների իրականացման մեծ հեռանկարներ ունեն: Բոլոր ինձ հետ սովորող հայերը, որոնց ես գիտեմ, բոլորն էլ աշխատանք ունեն: Եթե դու գիտես լեզուն և կարողացել ես լավ աշխատանք գտնել, եթե ակտիվ ես, ապա նշանակում է, որ ինքն իրացվել է: Ես չեմ ուզում վերադառնալ: Քանի որ տանը, ամենից մեծ գործը, որ ես կարող եմ անել՝ ուսուցչի աշխատանքն է: Իմ գյուղում բացի դրանից այլ բան չկա», – ասում է Մարգարիտա Ավագյանը:
Մելսիդան Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղից է, ով պատմում է, որ շատ նախկին ուսանողներ ափսոսում են, որ բարձրագույն կրթություն են ստացել, քանի որ շատերը դեռ ստիպված են խոպան գնալ:
«Ես շատ ընկերներ ունեմ, ովքեր փոշմանել են, որ ստացել են բարձրագույն կրթություն: Նրանք չեն կարող պատկերացնել, որ ապագայում կկարողանան աշխատել, կամ աշխատելու հնարավորություն կունենան: Չգիտեմ, թե ինչու են այդպես մտածում: Օրինակ՝ ես այդպես չեմ մտածում: Երբ ես ինչ-որ տեղ CV եմ ուղարկում և մերժում եմ ստանում, ես էլ ավելի եմ ձգտում հասնել այս կոնկրետ նպատակին: Հիմա սկսել եմ աշխատել բանկում, բայց ես ինձ այլ ոլորտում եմ տեսնում: Առաջիկա ամիսներին ես պրակտիկա եմ անցնելու քաղաքապետարանում, և սա ինձ ավելի շատ է ձգում և ավելի մոտ է իմ մասնագիտությանը, քանի որ ես տնտեսագետ եմ», – ասում է Մելսիդա Մարաբյանը:
Լիլիթը սովորում է Ախալքալաքում ՝որպես բանասեր, նա նախընտրել է կրթություն ստանալ տեղում: Նա կարծում է, որ այս մասնագիտությունն ավելի հեռանկարներային է տեղում, սակայն ինքը կնախընտրեր ունենալ այլ մասնագիտություններ էլ:
«Ընդհանրապես, եթե մարդը ցանկանա, նա միշտ հնարավորություններ կգտնի: Ըստ իս, այս կերպ ես կարող եմ աշխատել իմ մասնագիտությամբ, բայց ոչ միշտ: Իմանալով ինքս ինձ՝ հաստատ կցանկանամ ուսումնասիրել մեկ այլ բան էլ, որն իմ սրտով կլինի: Օրինակ, ես շատ կցանկանայի աշխատել կինոնկարների կրկնօրինակման ոլորտում կամ սովորել այս ուղղությամբ: Բայց եթե որոշեմ աշխատել իմ մասնագիտությամբ, կարող եմ մեզ մոտ ուսուցիչ դառնալ, այս ուղղությամբ դժվարություններ չկան», – ասում է բանասեր Լիլիթ Կարապետյանը:
Ի տարբերություն շատերի, Գրիգոր Սահակյանը հաստատ գիտի, որ Հայաստանում Սլավոնական համալսարանի դիպլոմը ստանալուց հետո կվերադառնա հայրենիք:
«Ես սովորում եմ հոգեբանական ֆակուլտետում, բայց այս կրթությունն ինձ հնարավորություն է տալիս աշխատել տարբեր տեղերում: Կարծում եմ՝ շատ քիչ բան է անհրաժեշտ տեղում աշխատելու համար, Թբիլիսիի և Երևանի համալսարանները տալիս են այս հնարավորությունը: Եթե սովորում ես Հայաստանում, Վրաստանում պետական լեզուն չիմանալու խնդիր կա, բայց կա Ժվանիայի դպրոցը, որտեղ նույնպես լեզուն կարող ես առանձին սովորել: Եթե լեզուն սովորում ես, դու դառնում ես նույն մասնագետը, նույնը, ինչպես նրանք, ովքեր սովորում են Թբիլիսիում: Ինչ վերաբերում է պետական լեզվի իմացության մակարդակին, չեմ կարծում, որ Ժվանիայի դպրոցում սովորելը կտա նույն մակարդակը, ինչ, օրինակ, եթե 4-5 տարի սովորել ես Վրաստանի բուհերում: Ժվանիայի դպրոցը լեզվի հիմք է գցում, բայց տերմինաբանություն չի սովորեցնում: Սակայն ամեն դեպքում, այս հիմնական գիտելիքները բավարար են այստեղ աշխատելու համար: Ես ուզում եմ մնալ այստեղ, որպեսզի զարգացնեմ և ունենամ իմ ներդրումը: Կան երկու տեսակի ուսանողներ՝ նրանք, ովքեր չեն ուզում այստեղ մնալ, գնում են, բայց որոշ ժամանակ անց վերադառնում են, և նրանք, ովքեր կորցնում են տուն վերադառնալու հնարավորությունը: Երկու տեսակներն էլ ճիշտ են: Այստեղ, քանի որ մասնագիտական աճի ավելի քիչ հնարավորություններ կան, մենք ստիպված ենք այլ երկրներ մեկնել ստաժավորման համար, այնտեղ աշխատենք և փորձ կուտակած վերադառնաք», – ասում է Գրիգորը:
Բարձրագույն կրթություն ստանալով՝ շատերը չեն մտածում այնպիսի մասնագիտություն ձեռք բերելու մասին, որը կլինի արդիական և հեռանկարային այստեղ, բայց իրավիճակն աստիճանաբար փոխվում է: Համաշխարհայնացմանը զուգընթաց Ջավախքի ուսանողների հնարավորություններն ընդլայնվում են, իսկ համաճարակի պայմաններում շատերի համար բարձրագույն կրթությունն ասոցացվում է «ինտերնետ» բառի հետ: