COVID-19 պատվաստանյութի առաջին դեղաչափը ներարկելուց հետո Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 300 դեպք: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն:
Ըստ նրա, նման փաստերը «սովորական երևույթ են», քանի որ դիմադրողականության ձևավորման համար ժամանակ է պետք:
«Ոմանք վարակվել են պատվաստումից հետո երկրորդ, երրորդ կամ չորրորդ օրը, իսկ ոմանք էլ պատվաստման պահին արդեն ինկուբացիոն, գաղտնի շրջանում են եղել», – հաղորդել է Իմնաձեն՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Ըստ նրա, պատվաստված գրեթե բոլոր անձիք ունեցել են «շատ թեթև հիվանդության ընթացք»: Նա հավելել է, որ պատվաստանյութի երկրորդ դեղաչափը պետք է ներարկվի նրանց ապաքինվելուց հետո 120 օր անց:
Ինչպես պարզաբանել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ), պատվաստումից հետո առաջին 14 օրվա ընթացքում պաշտպանվածության մակարդակն աննշան է, բայց հետո այն աստիճանաբար աճում է: Երկու փուլանոց պատվաստանյութերի դեպքում անհրաժեշտ է երկու չափաբաժիններն էլ ներարկել` դիմադրողականության հնարավորինս բարձր մակարդակին հասնելու համար:
Կորոնավիրուսի դեմ պատվաստումը Վրաստանում սկսվել է մարտի 15-ին: Ըստ վերջին տվյալների՝ պատվաստվել է 105 500 մարդ, որոնցից 16147-ը ստացել են պատվաստանյութի երկու դեղաչափերը: Մինչ այժմ երկիրն օգտագործում էր AstraZeneca, Pfizer և Sinopharm ընկերությունների պատվաստանյութերը, իսկ այսօրվանից Վրաստանի քաղաքացիները կարող են գրանցվել նաև Sinovac Biotech դեղագործական կորպորացիայի պատվաստանյութով պատվաստվելու համար: