Վրաստանի Զբաղվածության խթանման պետական գործակալության տվյալներով՝ այս պահին գերմանական կողմից 632 թափուր աշխատատեղ կա Գերմանիայում: Գործակալությունը Գերմանիա է ուղարկել շուրջ 730 հայտադիմում և գտնվում է սպասման ու դրանց հաստատման փուլում:
Այն հարցին, թե մոտավոր ի՞նչ ժամանակահատվածում Վրաստանի քաղաքացիները կկարողանան մեկնել Գերմանիա, Netgazeti-ի գրավոր պատասխանում գործակալությունը նշել է, որ նրանց մեկնելու ենթադրյալ ժամկետները կտարբերվեն, քանի որ քաղաքացիները կմեկնեն Գերմանիա ինչպես ամառային, այնպես էլ աշնանային սեզոնային աշխատանքների:
«Այս փուլում տեղեկատվական հանդիպումներն անցկացվել են հետևյալ շրջաններում. Աջարիա, Գուրիա, Զեմո Իմերեթի, Շիդա Քարթլի, Սամցխե-Ջավախք և Սամեգրելո: Համապատասխանաբար, այս շրջանների ներկայացուցիչների դիմումներն ուղարկվել են:
Հստակեցնենք, որ Գերմանիայի Զբաղվածության դաշնային գործակալությունը շարունակում է գերմանացի գործատուներից ստանալ համապատասխան թափուր աշխատատեղեր, որոնք կտրամադրվեն վրացական կողմին, եթե նրանց պայմանները համապատասխանեն Գերմանիայում վրացական աշխատուժի սեզոնային աշխատանքի մասին համաձայնագրի սկզբունքներին», – նշում են վարչությունից։
Ապրիլի 14-ին գործակալությունը հաղորդել էր, որ վրացի աշխատողների առաջին խումբը ժամանակավոր օրինական աշխատանքային ծրագրի շրջանակներում մեկնել է Գերմանիա: Netgazeti-ին հետաքրքրվել էր, թե այս փուլում քանի քաղաքացի է գործակալությունը կարողացել ուղարկել Գերմանիա: Նախարարության տվյալներով՝ մայիսի 14-ի դրությամբ, ծրագրի շրջանակներում աշխատանքի է անցել ընդամենը չորս խումբ, այսինքն՝ 54 մարդ:
«Զբաղվածության խթանման պետական գործակալությունն ակտիվ կապի մեջ է գտնվում բոլոր խմբերի հետ, և խնդրահարույց հարցերի և թյուրիմացությունների շուրջ աշխատանքներն իրականացվում են Զբաղվածության դաշնային գործակալության հետ համաձայնեցված, որը գերմանական կողմի հիմնական գործընկերն է», – պատասխանեցին գործակալությունից:
Սկզբնական շրջանում գործակալությունը դիմորդներին ընտրում էր Աջարիայից և Գուրիայից, ուստի մենք հարցրեցինք, թե որ շրջաններում է ներկայումս ընթանում ընտրման գործընթացը: Վարչությունը գրավոր պատասխանեց, որ մոտ ապագայում Քվեմո Քարթլիում տեղի կունենան տեղեկատվական հանդիպումներ.
«Ինչ վերաբերում է ընտրման կարգին, ապա այս առումով չափորոշիչներից մեկը շրջանն է հանդիսանում: Առաջիկայում նախատեսվում է հանդիպումներ անցկացնել Քվեմո Քարթլիում: Վրաստանի բոլոր մունիցիպալիտետները ներգրավվելու են փուլ առ փուլ:
Այստեղ նաև հստակեցնենք, որ համաձայնագրի պայմանները ժամանակի մեջ չեն սահմանափակվում և ուժի մեջ կլինեն ոչ միայն 2021 թվականին, այլ նաև հետագա տարիներին: Հետեւաբար, շրջաններն ընդգրկված են լինելու ինչպես ընթացիկ, այնպես էլ առաջիկա տարիներին»:
Ըստ Գերմանիայի Սննդի և գյուղատնտեսության դաշնային նախարարության կայքի, 500 քվոտայի փոխարեն, ովքեր կարող են աշխատանքի տեղավորվել Գերմանիայում սեզոնային աշխատանքների, 2021-ի համար սահմանվել է 5000 քվոտա:
«Վրացական կողմի մեծ հետաքրքրության պատճառով քվոտան ընդլայնվել է: 2021-ի բերքահավաքի սեզոնին 5000 մարդ կկարողանա Վրաստանից ժամանել Գերմանիա», – ասված է հայտարարության մեջ:
Գերմանական լրատվամիջոցները շատ են գրում Վրաստանից Գերմանիա մեկնած աշխատողների թվի մասին: Գերմանացի ֆերմերները լրատվամիջոցներին ասում են, որ գոհ են վրացի աշխատողների աշխատանքից: Ֆերմերների խոսքով, առաջիկա տարիներին, ամենայն հավանականությամբ, աշխատողներին կհրավիրեն հետխորհրդային այլ երկրներից էլ, օրինակ՝ Ուկրաինայից և Մոլդովայից:
Վրացի աշխատողներն իրենք էլ գոհ են: Կանանցից մեկը Ost West-ի լրագրողին ասել է, որ հավաքված գումարով պատրաստվում է հագուստի խանութ բացել:
Ost West-ի լրագրողը հեռուստադիտողներին պատմել է նաև վրացի աշխատողի «ձայնագրման համար չնախատեսված» պատմության մասին: Ինչպես ասել է լրագրողը, այս անձը Թուրքիայում աշխատել է 12 ժամ, մինչդեռ Գերմանիայում պայմանագիրը նախատեսում է օրական ընդամենը 8 ժամ աշխատանք` մեկ ժամ ընդմիջումով: Նա ցանկանում էր ավելի շատ աշխատել, ինչպես իր բոլոր գործընկերները, բայց դա հնարավոր չէ, քանի որ պայմանագրով նախատեսված է ընդամենը ութժամյա աշխատանք:
Գերմանացիների կողմից շատ սիրված ծնեբեկի գինն այս տարի աճել է 30-40 տոկոսով: Դա պայմանավորված է նրանով, որ անցյալ տարի համավարակի պատճառով Ռումինիայից աշխատողները չէին կարողացել գալ՝ մի կողմից, ճանապարհորդությունը շատ էր թանկացել, իսկ մյուս կողմից, ֆերմերները ստիպված էին ապրելատեղեր կառուցել աշխատողների համար՝ կովիդ-անվտանգությունից ելնելով: Իհարկե, այս ամենը մեծ ազդել է ծնեբեկի գնի վրա: