Ջավախքի ամենատարեց կինը՝ Արևհատ Քոչոյանը 111 տարեկան է: Այս կնոջ գիտակցության մեջ ամփոփված է գաղթական հայի տեսակը:
Քոչոյանների գերդաստանը Ջավախք է տեղափոխվել 1830 թ. Կարնո գավառի Օրթիզ գյուղից: Արևհատ Քոչոյանը ծնվել է 1905 թվականին Ախալքալաքի շրջանի Բուռնաշեթ գյուղում: Սակայն այսօր ապրում է Հայաստանի Բյուրեղավան քաղաքում, քրոջ որդու տանը:
Արևհատ տատը մանկությունից գրեթե ոչինչ չի հիշում: Հիշողության կորուստը և առողջական խնդիրները թույլ չեն տալիս վերջինիս պատմական իրադարձությունների հաջորդականությունն ու հստակ պատկերը նկարագրել: Հոր անունը Վանո է եղել, իսկ մորը՝ Էսխո: Վանո Քոչոյանի ընտանիքում 14 երեխա է լույս աշխարհ եկել, սակայն կենդանի են մնացել միայն երկու աղջիկ և մեկ տղա:
Արևհատ տատի խոսքերով իրենց օդայում ապրել է շուրջ 60 մարդ.
«Ըդըթն ադպես էր, սաղ մե տեղմ կապրեին: Մեծերը իրիկունները պատմեին կը գաղթի մասին: Առաջ մարդիկ աղքատ էին, հիմիկվա պես լավ չէին ապրում»:
Ջավախքի ամենատարեց կինն անընդհատ պատմում է իր անցյալից, գյուղում ապրած տարիներից, բայց այնքան կցկտուր, որ անհնար է տրամաբանական կապ գտնել: Հայոց ցեղասպանության, գաղթի տարիների մասին 111 տարեկան Արևհատը գրեթե ոչինչ չի հիշում:
Անընդհատ նշելով. «Թուրքը հային միշտա ջարդել է, մունդառները: Ռուսն եկավ, որ փրկեց»:
14 տարեկանում Արևհատ Քոչոյանն ամուսնանում է Յայլո Նահապետյանի հետ: Չնայած ամուսինները նախկինում իրար չեն ճանաչել, բայց համերաշխ ու սիրով են ապրել մինչ 1941 թվականը: 1 տարեկան աղջկան թողած կնոջ խնամակալությանը, Յայլո Նահապետյանը զինվորագրվել է Սովետական բանակ: Տարիներ շարունակ միայնակ մեծացնելով միակ աղջկանը, Արևհատն անընդհատ սպասել է ամուսնու վերադարձին, սակայն 1945-ին ստացել է անհայտ կորածի գրություն: Կինն այնքան է սիրել ամուսնուն, որ ձեռքին նույնիսկ նրա ազգանվան առաջին տառերն է դաջել:
Իր տարիքին հատուկ անկեղծությամբ ու միամտությամբ պատմում է, որ հնում հաշվի են առել ոչ թե աղջկա գեղեցկությունը, այլ՝ «մորը տեսի, նոր աղջկան առ» սկզբունքով են առաջնորդվել:
Տարիներ անց Արևհատը նորից է ամուսնանում, այս անգամ ազգությամբ վրացու հետ և 18 տարի, մինչև ամուսնու մահանալն ապրում է Ախալցխայի Ծնիսի գյուղում:
Ծերության բեռան տակ կքած կինը լավ է հիշում մոր՝ Էսխոյի պատրաստած ճաշերը. «Մայրս շատ համով թըթըրբիրակի կեփեր: Սաղին կանչեր կը, իրեն եփածը շատ համով էր»:
Կյանքի մայրամուտն ապրող Արևհատ Քոչոյան-Նահապետյան-Իվելաշվիլին մի աղջիկ, երկու թոռ և չորս ծոռ ունի: Արդեն 23 տարի է Արևհատ տատիկին իր խնամակալության տակ է վերցրել քրոջ որդին՝ Արտավազդ Կուրղինյանը:
Աղունիկ Այվազյան