Վրաստանում առանց հատուկ թույլտվության արգելվում է վաճառել անտառում հավաքված հատապտուղները: Ըստ «Մթավարի» հեռուստաալիքի, համապատասխան դրույթները ամրագրվել են «Անտառօգտագործման նոր կարգ»-ում, որը Վրաստանի կառավարությունը վերջերս հաստատել էր որպես ենթաօրենսդրական ակտ, որին ուղեկցում է նոր «Անտառների օրենսգիրքը»:
Ըստ նորամուծությունների, առանց հատուկ թույլտվության արգելվում է առևտրային նպատակներով անտառային ռեսուրսների այնպիսի տեսակների օգտագործումը, ինչպիսիք են ոչ փայտային անտառային ռեսուրսները, փայտային բուսական արտադրանքները և երկրորդական փայտանյութերը:
Վրաստանի Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությանն առընթեր կենսաբազմազանության վարչության պետ Կառլո Ամիրգուլաշվիլին պարզաբանում է, որ «Անտառօգտագործման նոր կարգ»-ը չի արգելում հատապտուղները հավաքել «անձնական օգտագործման համար»:
«Ոչ ոք չի արգելում հավաքել դրանք անձնական օգտագործման համար, օրինակ՝ հաղարջը կամ մոշը, բայց եթե այդ ռեսուրսները հավաքվում են կոոպերատիվներին հետագա վաճառքի նպատակով, դրա համար անհրաժեշտ է համապատասխան թույլտվություն», – հայտարարել է Ամիրգուլաշվիլին:
Վերջին տվյալների համաձայն, Վրաստանում 2.7 միլիոն հա տարածք ծածկված է անտառներով, ինչը կազմում է երկրի ընդհանուր տարածքի 40%-ը (6.97 մլն. հա): Այնուամենայնիվ, սա ոչ ճշգրիտ տվյալներ են, քանի որ անտառային լանդշաֆտն անընդհատ փոփոխությունների է ենթարկվում, և անտառային ֆոնդի տարածքը փոխվում է:
Վրաստանի խորհրդարանը՝ 2020 թվականի մայիսի 22-ին, ընդունել է «Անտառային օրենսգրքում» փոփոխությունները: Նորամուծությունների մեծ մասն ուժի մեջ է մտել 2021 թվականի հունվարի 1-ից:
Օրենսդրական նախաձեռնության հայտարարված նպատակը, որը ենթադրում է անտառտնտեսության մասնակի արգելք, դա անտառտնտեսության ոլորտում առկա խնդիրների կարգավորումն է: