Արևելյան Վրաստանի մի քանի շրջաններ պայքարում են աղետի հետևանքների դեմ։ Հորդառատ անձրևները ջրհեղեղի պատճառ են դարձել, իսկ կարկուտի պատճառով տասնյակ գյուղացիներ մնացել են առանց բերքի:
Երեկ կարկուտ է տեղացել Թեթրիծկղարոյի մունիցիպալիտետում (Քվեմո Քարթլիի շրջան): Վնաս է հասցվել գյուղտնտեսական կուլտուրաներին՝ Ձիրագա, Ալեքսեևկա, Չիվչավի, Մեծևանի, Չխվիկղվթա, Ջորջիաշվիլի, Ասուրեթի գյուղերում և Թեթրիծկղարո շրջկենտրոնում:
Ըստ Թեթրիծկղարոյի շրջանի ներկայացուցիչ Գիորգի Քորիձեի, հատուկ հանձնաժողովը կսկսի գնահատել վնասի չափը:
Ռուսթավի քաղաքի մի քանի կենտրոնական փողոցներ հեղեղվել են հորդառատ անձրեւի պատճառով:
Կախեթիում փոթորկից տուժել են Ախմետայի և Սագարեջոյի մունիցիպալիտետները: Տեղեկություններ կան մայրուղիներում տեղաշարժի հետ կապված խնդիրների մասին։ Ճանապարհահատվածներն արգելափակվել են արմատախիլ եղած ծառերի կողմից:
Ախմետայի շրջանում կարկուտը տեւել է շուրջ 20 րոպե՝ ծեծելով խաղողի այգիներն ու հացահատիկային մշակաբույսերը: Տուժել են Ագրոխի, Մաղրաանի և Փիչխովանի գյուղերը:
Հորդառատ անձրեւները խնդիրներ են ստեղծել նաեւ Գորիի մունիցիպալիտետում (Շիդա Քարթլիի շրջան) գտնվող Աթենի կիրճի բնակիչների համար: Հորդառատ անձրևն առաջացրել է սողանքներ և սելավներ, որոնք փակել են ճանապարհները: Այս պահին մաքրման աշխատանքներ են տարվում: Խոստանում են այսօր վերականգնել տրանսպորտային միջոցների երթևեկը:
Ըստ օդերևութաբանների կանխատեսումների, վատ եղանակը Վրաստանի տարածքում կտևի մինչև մայիսի 11-ը: