Այս պահի դրությամբ հաստատվել է, որ ուժեղ քամին վնաս է հասցրել Էխտիլա, Բարալեթ, Կոթելիա, Բեժանո, Ագանա, Տուրցխ գյուղերին:
Էխտիլա գյուղում քամին քշել է մի քանի տանիքներ՝ վնասելով նաև էլեկտրական լարերը և գազատարները: Քամին քշել է նաև Բարալեթ գյուղի երկու տան և Սուրբ Հովհաննեսի մատուռի տանիքը: Տուրցխ գյուղում պոկվել են երեք տան եւ գյուղի դպրոցի տանիքները: Բացի այդ, քամին ու կարկուտը վնաս են հասցրել Կաջո գյուղին, վնասվել են պահեստային տարածքների (գետնափորք) երեք տանիքը և երկու տան:
Տեղեկություն կա նաեւ, որ Կոթելիա գյուղում վայր է ընկել էլեկտրական 2 սյուն, իսկ Ախալքալաք-Ախալցիխե ճանապարհին ընկել է ծառ, ճանապարհը փակ է, Արտակարգ իրավիճակների նախարարությունն աշխատում է ծառը ճանապարհից հանելու ուղղությամբ: Այս պահին ուժեղ քամին Ախալքալաքում շարունակվում է: Վատ եղանակները կշարունակվեն առաջիկա շաբաթվա ընթացքում:
Ըստ Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի, վնաս է հասցվել նաեւ Բեժանո եւ Ագանա գյուղերին: Տուժածներին կտրամադրվի փոխհատուցում:
«Մենք անպայման կհաշվարկենք պահուստային ֆոնդից խորանարդները, յուրաքանչյուրն ունի իր չափորոշիչները և կհաշվենք, թե քանի խորանարդ է և կորոշենք օգնության չափը, իսկ արդեն դրանից հետո նրանք դա ինքնուրույն կանեն», – ասում է Ախալքալաքի քաղաքապետը:
Լուսանկարները տրամադրվել են գյուղի բնակիչների կողմից: